Ֆիլիպինների խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի հարավում պատերազմական վիճակի երկարաձգմանը
Международные новостиՖիլիպինյան խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Մինդանաո հարավային նահանգում պատերազմական վիճակի երկարաձգմանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով AP գործակալությունը: «Կողմ» է քվեարկել 240 պատգամավոր, «դեմ»՝ 27-ը:
Մինչ քվեարկությունը երկրի պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել են պատգամավորների` կոչ անելով երկարաձգել պատերազմական վիճակը:
Այս շաբաթ ավելի վաղ համապատասխան հայցով Ֆիլիպինների խորհրդարան էր դիմել երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն: Պատգամավորներին ուղղված իր նամակում երկրի ղեկավարը մանրամասնել էր, որ մինչեւ 2018 թվականը պատերազմական վիճակի երկարաձգումը թույլ կտա կառավարական զորքերին ապահովել ծայրահեղականների «լիակատար ոչնչացումը»:
Այս տարի ավելի վաղ պատերազմական վիճակ էր հայտարարվել Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաո կղզում, որտեղ զինվորականները լայնածավալ գործողություններ են իրականացնում «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» խմբավորումների հետ կապված ահաբեկիչների դեմ: