Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հրավիրված Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին ժամանակ հորդորել է իսլամական պետություններին Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի օկուպացված մայրաքաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը որևէ իրավական ուժ չունի: Նա հերթական անգամ «ահաբեկիչ» է անվանել Իսրայելը:
«Որպես Միացյալ Նահանգներ կարող եք ուժեղ երկիր լինել, կարող եք զենք ունենալ, միջուկային մարտագլխիկներ, բավականաչափ ինքնաթիռներ: Սակայն այս ամենը դեռ չի նշանակում, որ դուք ուժեղ եք: Եթե արդար չեք, ուրեմն ուժեղ էլ չեք: Մի ժամանակաշրջանում, երբ ինտենսիվ պայքար է ընթանում ահաբեկչության դեմ, Միացյալ Նահանգները «յուղ է քսում մոլեռանդների հացին»,- հայտարարել է Էրդողանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ:
Այս հայտարարությանը պաշտոնական Անկարան խիստ արձագանք է տվել: Թուրքիայի ԱԳՆ-ից որոշումն «անպատասխանատու» են որակել: