Մոլդովայում պետական լեզուն պաշտոնապես փոխել են մոլդավերենը ռումիներենով
Международные новостиՄոլդովայի կառավարությունը հավանության է արժանացրել սահմանադրությունում ռումիներենը պետական լեզու ճանաչելու մասին օրինագիծը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։
Ներկայումս, երկրի սահմանադրության մեջ ամրագրված է, որ պետական լեզուն «մոլդովերենն է՝ լատինական գրաֆիկայի հիմքով»։ Համաձայն օրինագծի, հիմնական օրենքի 13-րդ հոդվածում այդ ձեւակերպմանը կփոխարինի «ռումիներենը»։
Ավելի վաղ սահմանադրական դատարանը օրինական է համարել այս փոփոխությունը, քանի որ երկրի անկախության հռչակագրում պետական լեզուն նշված է ռումիներենը։
Օրինագիծը մշակել են եվրոպամետ ընդդիմության ներկայացուցիչները եւ Մոլդովայի Ռումինիայի կազմի մեջ մտնելու կողմնակիցները։ Նրանց սատարում է Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը: Նախագահ Իգոր Դոդոնը եւ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը դեմ են հանդես եկել սահմանադրությունում պետական լեզվի մասին հոդվածի փոփոխությանը՝ հայտարարելով, որ հարցը պետք է դրվի հանրաքվեի։
Ըստ լեզվական հանրագիտարանային բառարանի՝ մոլդովերենը ունի նույն քերականական կառուցվածքը, ինչ ռումիներենը: Նրանց միջեւ գոյություն ունեն միայն աննշան տարբերություններ՝ գրական նորմերի,հնչյունաբանության(մոլդովերենը ավելի մոտ է ռումիներենի խոսակցական տարբերակին) եւ բառապաշի (մոլդովերենում առկա են ռուսերենից շատ փոխառություններ) առումներով: Մի շարք լեզվաբաններ կարծում են, որ մոլդովերենը ռումիներենի բարբառն է: