Հայ կինոյի համար այս տարին նոր շունչ ստանալու շրջան էր
КультураՀայ կինոյի համար այս տարին բավականին հագեցած էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
«Տարին անհանգիստ և հագեցած էր՝ պայմանավորված «Կինոյի մասին» օրենքի քննարկմամբ: Այն շատ է անհանգստացնում և հետաքրքրում մարդկանց: Այս տարին կինոյի՝ նոր շունչ, նոր թափ ստանալու շրջան էր, որը շարունակական է լինելու»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ սակայն ամեն ինչ նորից սկսել չի կարելի, պետք է վերանայել, վերաիմաստավորել հինը, հետո անցնել առաջ:
Նա ընդգծեց հատկապես ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետաքրքրվածությունը կինոյի ոլորտով:
«Կարծում եմ՝ տարին իսկապես հագեցած էր կինոյով: Այս ոլորտում ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել, մեր միասնականությունն է: Մենք բոլորս շահագրգռված ենք, որ «Կինոյի մասին» օրենքը, կինոյի զարգացման մեր նպատակները, կինոոլորտին տրամադրվող բյուջետային հատկացումների և այլ ծառայությունների վերաբերյալ մեր պատկերացումները լինեն հնարավորինս ազատ, թափանցիկ և օգտավետ, որպեսզի արդյունքում ստեղծվի կինո»,- իր խոսքում նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու եզրափակեց՝ ամենակարևորը միասնականությունը և նպատակն են՝ ուղղված կինոյի զարգացմանը: