Լավագույն Սարգսյանը, լռող Սարգսյանն է
АналитикаՍարգսյան ազգանունով քաղաքական գործիչների մոտ, խոսելը չի ստացվում: Սարգսյան ազգանունը Հայաստանում բավականին տարածված է և այդ ազգանունով քիչ գործիչներ չկան: Որքան փորձեցի հիշողությունս փորփրել ու գտնել նրանց մեջ մեկին, որը կունենար հռետորություն կամ ընկալելի հոդաբաշխ միտք՝ բացառիկ ինտելեկտով, պարզապես չգտա:
Այս շարքում, բացառություն չէ նաև Արամ Սարգսյանը: Իհարկե, նա իր վրա աշխատել է, ինչ-որ նոր տերմիններ է սովորել, միտքը բավականին հղկել է, ինչպես կասեին մանկավարժաները՝ առաջընթաց կա, բայց աշխատելու տեղ շատ ունի: Բնական է, որ այդ առաջընթաց ասվածն ի նկատի ենք ունենում, երբ նրա ներկայիս խոսքը համեմատում ենք 1999թվականի խոսքի հետ, երբ նա վարչապետ էր, 2003 թվականի խոսքի հետ, երբ ընդդիմադիր էր և այսպես շարունակ:
Խոսքի հղկումը, դեռ չի նշանակում տրամաբանված խոսք: Ինչպես գիտենք, նրանց դաշինքը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին: Այդ հարցով, նրանք պատրաստվում են դիմել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքին: Խնդիրն այստեղ չէ: Բնական է, որ եթե գործում ես խորհրդարանական համակարգում, որևէ ձեռնարկի պաշտպանության համար, դիմում ես նույն դաշտում, այս դեպքում՝ ընդդիմադիր դաշտում գործող ուժին: Խնդիրը կայանում է նրանում, որ ժամանակին, Նիկոլ Փաշինյանը և այդ նույն Արամ Սարգսյանը, դեմ էին, որպեսզի Տեր-Պետրոսյանը համագործակցի Ծառուկյանի հետ: Եթե այլ անձիք գնային այդ քայլին, որևէ հարց չէր առաջանա: Բայց ահա այս երկուսի պարագայում, բնական է որ առաջանում է, քանի որ շատ ժամանակ դեռ չի անցել և հետո՝ ի՞նչն է փոխվել:
Ու ահա, լրագրողի հիշեցմանը և պնդմանը, տեսեք թե ինչ պատասխան է տալիս Արամ Սարգսյանը. «Մենք թեկնածու ունենք, առաջադրել ենք, մնացածը: Մեր հայտը ներկայացնում ենք հանրությանը, իսկ Ծառուկյան խմբակցությանը ասում ենք՝ թեկնածու ունենք առաջադրել ենք, խնդրում ենք նայեք՝ որքան հնարավոր է Դուք էլ աջակցեք առաջադրենք: Էստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ ու Ծառուկյան դաշինքին, գտնում եմ՝ ոչ նպատակահարմար, որ գործին օգուտ չէ: Ավելի լավ է մեզ ու գործող իշխանությանը հակադրության տարեք, Ծառուկյանին ու իշխանությանը հակադրության տարեք, եթե ուզում եք փոփոխություն լինի, իսկ եթե չեք ուզում փոփոխություն լինի, ուզում եք շոու լինի, կռվեցրեք մեզ»
Դուք որևէ բան հասկացա՞ք, հարգելի ընթերցող: Անձամբ ես չհասկացա: Ասեմ թե ինչու: Մարդիկ չեն հարցնում Ծառուկյանի ղեկավարած ուժի հետ հակադրության մասին: Մարդիկ ընդամենը հարցնում են, թե ի՞նչն է փոխվել: Մարդիկ չեն տանում Արամ Սարգսյանին հակադրության: Ի՞նչ հակադրության մասին է խոսքը: Սակայն խնդրանքն եկեք ընդունենք ժպիտով: Արամ Սարգսյանն առանց միտումի անկեղծացել է: Թերևս ինքն էլ չի նկատել, որ անկեղծացել է, ասելով թե՝ մեզ հակադրության տարեք իշխանության հետ: Այսինքն, ինքն էլ գիտի, որ մարդիկ իրենց չեն ընկալում գործող իշխանության դեմ հակադրության մեջ: Անվճար խորհուրդ տանք պարոն Սարգսյանին: Քաղաքագիտական անասելի գոհար: Հարգելիս, քաղաքական ուժն ինքն է գնում հակադրության և որոշում իր քաղաքական գիծը, լրագրողները, հանրությունը, ընտրողները աջակցում են այդ հակադրությանը կամ չեն աջակցում:
Հարություն Մխիթարյան