Ծանոթացեք. ՀՀ վարչապետն է
АналитикаԲոլորս ենք հիշում Կարեն Կարապետյանի շռնդալից վերադարձ հայոց քաղաքական երկնակամար։ Թե ինչ խոստումներ էր նա տալիս, ինչպիսի աճ էինք գրանցելու, դա արդեն ասելու չէ։ «Արևելյան վագրերը»՝ Չինաստանը, Թայվանը, Ճապոնիան, Սինգապուրը, շունչները պահած հետևում, թե արդյո՞ք Հայաստանը չի ստվերի իրենց գրանցած տնտեսական ձեռքբերումները։
Ընտրություններն անցան, խոստումները մոռացվեցին, Կարեն Կարապետյանի հավեսն էլ «փախավ»։ Հիմա նա խոսում է մեկ-մեկ՝ հերթապահ, պարզապես հիշեցնելու համար, որ Հայաստանի վարչապետն է։ Ու դեռ զբաղեցնում է այդ աթոռը։ Նախկին լուրջ ու մտահոգ տոնով հանձնարարականները չկան։ Կարոտում ենք նաև նրա լուրջ դեմքով բանախոսություններին, երբ խոսում էր ոչնչի մասին։
«Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր»։ Այս մասին ասել է Կարեն Կարապետյանը։ Հավատացեք, մեծ գյուտ է արել։
Իսկ այնուհետև շարունակել է. «Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկում եմ ՏՄՊՊՀ նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկումը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխությունների օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար»։
Հետաքրքիր է, որ կարագի, ձվի և այլ առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների թռիչքային աճի ժամանակ, Կարեն Կարապետյանն այս մասին չէր խոսում։ Հիմա նոր է հիշել, որ նման գործառույթ ունի։ Իսկ այս հանգամանքի հետ կապված, պարոն Կարապետյանին հուշենք, որ նրա մտահոգությունը պետք է լիներ ոչ թե գնազսպման մեխանիզմների ՛շուրջ, այլ տրամագծորեն հակառակ մեկ այլ խնդրի վերաբերյալ՝ ինչու՞ գները մեզանում, հատկապես տոնական օրերին, համառորեն չեն նվազում։ Ամբողջ աշխարհում, տոնական օրերին, զեղչերն հասնում են հիսուն, երբեմն նույնիսկ յոթանասուն տոկոսի։ Այս մասին պետք է խոսել, ոչ թե մտածել, թե ինչպես անել, որ Հայաստանում գները չթանկանան։
Մարիա Պախուցկայա