Եվրոպան աչք է փակում քաղբանտարկյալների առկայության վրա. Արմեն Մարտիրոսյան
Интервью«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի պատկերացնում, որ իշխանությունը կգնա արմատական բարեփոխումների և կկատարի ՀՀ-ԵՄ շրջանակային պայմանագրի բազմաթիվ կետեր,- այս մասին նա նշեց ORER.am-ի հետ զրույցում:
Մարտիրոսյանի խոսքով՝ եթե պայմանագրի կետերը կյանքի կոչվեն, ապա Հայաստանում կփոխվեն իշխանությունն ու ողջ կառավարման համակարգը, եթե ոչ, ապա պայմանագիրը կմնա «բարի մտադրությունների» փաստաթուղթ:
«Մենք գիտենք, որ Հայաստանն ունի աշխարհում ամենամոնոպոլիզացված տնտեսական համակարգերից մեկը: Տնտեսությունը գերկենտրոնացված է: Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում վեց-յոթ ընտանիք ներկրում է հազարից ավել անուն ապրանք: Այս ամենն արմատապես կփոխվի:
Չմոռանանք նաև դատական համակարգի, մարդու իրավունքների և այլ ոլորտների հետ կապված խնդիրների մասին: Գուցե բարեփոխումների իմիտացիա լինի, որ Եվրոպան փող տա»,- նշեց մեր զրուցակիցը:
Վերլուծաբանների մի խումբ ակտիվ շրջանառում է այն տեսակետը, թե պայմանագրի ստորագրումը մեր դիվանագիտական հաջողությունն է կամ «և-և»-ի հաղթանակը: Մյուս տեսակետների համաձայն՝ նման պայմանագիր չէր կարող լինել, եթե չլիներ ռուսական «դաբրոն»: Մեր հարցին՝ որտե՞ղ է ճշմարտությունը, Մարտիրոսյանը պատասխանեց.
«Իհարկե, ռուսական կողմի հետ համաձայնեցված է, որպեսզի ոչ մի կետ Ռուսաստանին չմտահոգի: Նույնիսկ հայտարարություններ եղան, թե սա երրորդ երկրի դեմ չէ: Ճշմարտությունը նաև Ռուսաստանի վատ սոցիալական վիճակն է: Իհարկե, չմոռանանք Հայաստանի վատ սոցիալական վիճակի մասին: Մի քանի հարյուր միլիոն դոլարը չի խանգարի:
Հաջորդ ճշմարտությունն այն է, որ ՀՀ իշխանությունները հասկանում են Եվրոպայի մեծ ազդեցությունը մեր տարածաշրջանում: Վրաստանը ստորագրեց ասոցացման պայմանագիրը, և եթե մենք նորմալ հարաբերություններ չունենանք Եվրամիության հետ, կարող ենք տուժել: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի խայտառակ կետերը, որոնք վերաբերում են ընտրություններին, կարող են իրական արտացոլանք ստանալ, ոչ թե դիտարկվել մեկ քայլ առաջ: Դա խնդրահարույց կլինի իշխանությունների համար: Իսկ հիմա ընտրակեղծիքների, քաղբանտարկյալների առկայության վրա աչք են փակում:
Ճշմարտությունն այդ է: Իսկ «և-և» առհասարակ չկա, «բարի մտադրությունների» փաստաթուղթը դեռ «և-և» չէ: Ասոցացման և ազատ առևտրի պայմանագիրը այլ հարթություն է: Այնտեղ խոսքը տնտեսական զարգացման բոլորովին այլ հեռանկարների մասին է, եթե համեմատում ենք այսօրվա պայմանագրի հետ:
Հայաստանը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ-ի հետ: Բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ մյուս երկրները հակահայկական հայտարարություններ ու քայլեր են անում, Ռուսաստանն էլ զենք է վաճառում Ադրբեջանին»:
Մարտիրոսյանին նաև հարցրեցինք՝ Ռուսաստանն ունի՞ օգուտ քաղելու հնարավորություն, Հայաստանը կարո՞ղ է դիտարկվել կամրջող երկիր կամ Ռուսաստանի «ներկայացուցիչ»:
«Խաչմերուկ լինելու հետ համաձայն չեմ: Նույնիսկ Ղազախստանի նման երկիրը կամուրջ չէ: Ինչ-որ չափով համամիտ եմ «ներկայացուցիչ» լինելու հետ, որովհետև Հայաստանը միջազգային հարթակներում ռուսամետ դիրք է բռնում: Հիշենք ՄԱԿ-ում քվեարկությունները: Բայց Հայաստանն այդքան գլոբալ խաղացող չէ, որ Եվրամիությունում լուրջ շահեր առաջ տանի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: