Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը ավարտվելու է 2018-ի փետրվարին
Международные новостиԹուրքիայում արտակարգ դրության ռեժիմը դադարեցվելու է 2018թ-ի փետրվարի 21-ին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNNTürk-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` սկզբում կանխատեսվում էր, որ արտակարգ դրության ռեժիմը կդադարեցվի 2018-ի հունվարի 17-ին, սակայն ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել 2016թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին և երեք ամիսը մեկ երկարաձգվում էր:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական միջամտության փորձ իրականացվեց: Խռովարարները երկրի զինվորականներն էին, ովքեր կարողացան մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն իրականացնել երկրի կարևորագույն կառույցների նկատմամբ: Զենքերն ուղղվեցին անգամ նախագահական նստավայրի և մեջլիսի շենքերի վրա: Երկրի պետական հեռուստաընկերությունը գրաված զինվորականները հայտարարեցին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին: Հեղաշրջման մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց երկրի նախագահ Էրդողանը, ով հեռացել էր մայրաքաղաքից Facetime բջջային հավելվածի միջոցով կարողացավ ուղիղ եթեր դուրս գալ՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և թույլ չտալ ռազմական հեղաշրջման իրականացումը: Էրդողանի կոչը տվեց ցանկալի արդյունքը, և հասարակ քաղաքացիների միջամտության արդյունքում հեղաշրջման փորձը տապալվեց: Արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ էլ հեռացվեցին աշխատանքից և զինվորական ծառայությունից: Էրդողանը արտակարգ դրության ռեժիմը կարողացավ օգտագործել իր համար անցանկալի տարրերից ազատվելու համար: