Պուտինը նավթի գնի նվազումը կապել է մի քանի երկրների քաղաքականության հետ
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե նավթի համաշխարհային գների նվազումը կարող է պայմանավորված լինել մի քանի երկրների քաղաքականության հետ, որոնք այդ գործիքն օգտագործում են ճգնաժամերի ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին:
«Նավթի գների քաղաքական բաղադրիչը նույնպես միշտ առկա է: Դեռ ավելին՝ ճգնաժամային առանձին պահերի այն զգացողությունն է ստեղծվում, որ էներգառեսուրսների գնագոյացման մեջ հենց քաղաքականությունն է գերակշռում»,- հայտարարել է Պուտինը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում՝ Չինաստան այցի նախօրեին, որտեղ նա նոյեմբերի 9-ից մինչեւ 11-ը կմասնակցի Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
Ընդսմին Վլադիմիր Պուտինը չի նշել այն երկրները, որոնք ազդում են նավթի գների նվազման վրա:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ «նավթի համաշխարհային գների նվազեցման օբյեկտիվ պատճառ է դարձել տնտեսության աճի տեմպերի դանդաղումը»: