Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է խփել հայ փորձագետին (տեսանյութ)
TVԹուրքական «Անադոլու» և «Իհլաս» գործակալությունների թղթակից, ազգությամբ ադրբեջանցի լրագրող ու վերլուծաբան Ֆուադ Աբբասովը ռուսական «Զվեզդա» («Звезда») հեռուստաալիքի եթերում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացման շուրջ քննարկման ժամանակ հարձակվել է հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա՝ փորձելով ծեծել նրան:
Հեռուստաալիքի հաղորդավարուհին հարց էր հղել Աբբասովին Երուսաղեմի թեմայով՝ հետաքրքրվելով, թե արդյոք ճիշտ է այն տեսակետը, թե եվրոպական երկրները խուսափեցին աջակցություն ցույց տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, քանի որ վախեցան իրենց երկրներում մահմեդական համայնքների և հատկապես թուրքական սփյուռքի լայնամասշտաբ ցույցերի անցկացումից:
«Այո, հենց այդպես էլ կա, Թուրքիայում նույնպես անցել են Պաղեստինին աջակցող մի շարք ցույցեր, թեև դուք այն Եվրոպա չեք համարում: Դրանք որոշ երկրներում անցկացված ցույցերի նման զուսպ չէին, այլ շատ ավելի կոշտ: Ես ուզում եմ հանգստացնել հայ ու սիրիացի թուրքաֆոբ փորձագետներին, որոնք ամեն կերպ փորձում են նսեմացնել Թուրքիայի դերը», — ասել է Աբբասովը:
Երբ ներկաներից Ծատուրյանը փորձել է հակազդել նրան՝ Աբբասովը սկսել է բղավել. «Երբ ես խոսում եմ՝ լռե՛ք»:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Աբբասովը նախ բղավում Ծատուրյանի վրա, այնուհետև վեր կենում ու արագ քայլում նրա ուղղությամբ՝ փորձելով հարվածել: Ծատուրյանը դիմադրություն է ցույց տալիս ադրբեջանցի լրագրողին, նույն պահին կոնֆլիկտին միջամտում է մեկ այլ ռուսաստանաբնակ հայազգի փորձագետ Գևորգ Միրզայանն ու փորձում բաժանել վիճող կողմերին: