Արդեն ծիծաղելի չէ
АналитикаՊարզվում է, «Ելքին» սկսել է հուզել թանկացումների և հարկային բեռի ավելացման հարցը։ Այնքան է հուզում, որ նրանք որոշել են հունվարի 19-ին երթ անցկացնել այդ երկու երևույթների դեմ։ Ավելին, նրանք նույնիսկ հայտարարություն են տարածել, որի մեջ ասվում է. Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին «Ելք» դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»։
Իսկ հետաքրքիր է, «Ելքը» նո՞ր իմացավ թանկացումների մասին։ Նո՞ր իմացավ որ հարկային օրենսգիրքում փոփոխություններ են եղել, դա այն դեպքում, երբ արդեն մեկ տարի նախագիծը շրջանառվում էր։ Երբ որ այդ փոփոխություններն ընդունում էին, ու՞ր էինք այդ խմբակցության պատգամավորները։ Արդյո՞ք ներկա էին, թե աչքերը կպել էր։ Իսկ երբ լեգիտիմացնում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը, չգիտեի՞ն, որ ամեն օր ավելի լավ ենք ապրելու։
Իհարկե գիտեին ընկերներ։ Ասեմ ավելին, նրանք հենց գիտակցված էին գնացել դրան։ Եվ հիմա էլ, այս հերթական անիմաստ աճպարարությամբ, շարունակում են այն շարքը, որն սկսել են։
Իհարկե, այս երթը ոչ մի տեղ չտանող, անիմաստ երևույթ է։ Երթի արդյունքում ոչ թանկացումներն են նվազելու, ոչ էլ՝ իշխանությունը հրաժարվելու է հարկերը բարձրացնելու քաղաքականությունից։ Դա բացառում ենք։ Իսկ ինչու՞ երթ, այլ ոչ թե հանրահավաք։ Հանրահավաքը ցույց կտա այս դաշինքի փողոցային պայքարի անընդունակությունն ու սնանկությունը՝ սակավամարդության տեսքով, իսկ այ ինչ-որ նեղ փողոցի մայթերով քայլելը, կարելի է ներկայացնել որպեսզ բազմամարդության էֆեկտ։
Հունվար ամիսը տաք է, ի փրկություն ազգիս հայոց։ Մարդիկ կարող են և զբոսնել, և երթի դուրս գալ։ Սակայն «Ելքի» մասով ստիպված ենք ասել, որ այս ամենն արդեն ծիծաղելի չէ, այլ ողբերգական է։
Սարգիս Քեհյան