Ադրբեջանում զինվորը սպանել է ծառայակցին
Международные новостиԱդրբեջանի Գուբայի շրջանում ադրբեջանական բանակի զինվորը գնդակահարել է իր ծառայակից ընկերոջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, միջադեպը տեղի է ունեցել Գուբայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:
Աղդամի շրջանից պարտադիր զինծառայության կանչված զինվոր Մահիր Քյարամ օղլու Մամեդովը ավտոմատ զենքից կրակ է բացել Աղստաֆայի շրջանից զորակոչված զինվոր Ադիլ Ռուստամ օղլու Մուսաևի վրա: Ադիլ Մուսաևը միջադեպի վայրում մահացել է:
Ադրբեջանական ԶԼՄ-ները երկրի ղեկավարության հրահանգով վերջին ամիսներին չեն անդրադառնում բանակում տեղի ունեցող նեգատիվ երևույթներին: Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների' 2014 թ. սկզբից մինչև այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 83 զոհ, որոնցից 53-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: