Կինոյի գուրմանները և հայկական ֆիլմերը
АналитикаՕրերս համացանցում հայտնվեց «Սուպեր մամա 2» ֆիլմը, չնայած այն հանգամանքին, որ ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում դեռևս չի ավարտվել: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, ֆիլմի հայտնվելը համացանցում հաքերների ձեռքի գործն էր: Սա անշուշտ վատ ու քրեածին երևույթ է: Թեմային անդրադարձավ նաև Հայկ Մարությանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված եւ համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթածքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ և օգնություն առաջարկում: Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաև մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին. Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում և Սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, և ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:
Հ.Գ. Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես և բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե հեռուստատեսությամբ, թե KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը ի սպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»:
Հայկի հետ չհամաձայնվել չի կարելի: Անկախ հեղինակները և ստեղծագործողներն այսօր չունեն միջոցներ ֆիլմեր նկարահանելու: Իսկ նրանք, ովքեր կարողանում են միջոցներ հայթայթել, հետո շատ երկար ժամանակ, կինոթատրոններում ցուցադրելու միջոցով, փորձում են գոնե հետ բերել այդ գումարները: Իսկ պետական ֆինանսավորմամբ կամ վարչական համակարգի փողերով, շատ լավ գիտենք, թե գաղափարական ինչպիսի ազդեցությամբ ֆիլմեր են նկարահանվում, որոնք կոչված են միայն ամրապնդելու օրվա մտավոր տեռորը:
Կոնկրետ այս ֆիլմի վերաբերյալ, քննարկումներ եղան համացանցում: Ֆեյսբուքյան հայ օգտատերերի զանգվածը, իրանագետից միանգամից վերածվեց կինոքննադատի ու սկսեց պահանջել առնվազն «Լոբստերի» մակարդակի ֆիլմ, ինչը հավատացեք՝ ծիծաղելի է: «Սուպեր մամա 2» ֆիլմն իր տեսակի մեջ թեթև ժամանցային է ու ավելի սպասել չի կարելի: Ընդհակառակը, ֆիլմն իր տեսարաններով, առանձին պատկերներով և օպերատորական աշխատանքով բացառիկ որակի է: Ընդհանրապես, Հայկոյի մասնակցությամբ կամ պրոդյուսերությամբ ֆիլմերն առանձնանում են: Այդ ֆիլմերում մի տեսակ գույն գա, որը չես տեսնի մյուս հայկական ֆիլմերում: Այնտեղ ամեն ինչ մութ է: Իսկ տակառի մեջ ճանճ որոնողներին էլ մաղթենք ինտելեկտուալ էքստազի նոր հանգրվաններ
Մարիամ Մնացականյան