«Ցռան մոզու» գործը դատարանում
Аналитика2017 թվականի հուլիսի 26-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում կայացած դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ մեղադրվող՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանին առնչվող նոր գործով այսօր կայացած առաջին նիստին պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Ինչպես գիտենք, այդ նիստի ժամանակ, Պավել Մանուկյանն Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «ցռան մոզի»: Գործը քննելու ժամանակ, Մանուկյանը զարմանալիորեն մեղմ ու հարգալից էր քննող դատավորի հետ: Հիշեցնեմ, սա այն Մանուկյանն է, որը չէր ենթարկվում Սերժ Սարգսյանի դատարաններին, ոտքի չէր կանգնում ու պնդում էր, որ դատավարոները ոչինչ չեն որոշում:
Սակայն այս դրվագում հետաքրքրականը Մանուկյանի վերաբերմունքը չէ, այլ՝ գործի էությունը և բովանդակությունը: Բնական է, որ հիմքում դրված է դատարանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հանգամանքը, սակայն այդ արտահայտության հետևանքով գործ քննելը, մեղմ ասած արդեն զավեշտի ոլորտից է:
Պատկերացրեց, հայկական դատարանում, լրջորեն քննում են թե, դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդյոք «ցռան մոզի» է: Ենթադրենք, դատական գործով չի ապացուցվում, որ Պավել Մանուկյանը վիրավորել է Արտուշ Գաբրիելյանին: Ստացվում է ի՞նչ: Յուրաքանչյուր ոք, ով փողոցում տեսնի այս դատավորին, կարող է մոտենալ ու նրան ասել. «բարև՛, ցռան մոզի»:
Իմ խորին համոզմամբ, եթե հայկական դատական համակարգն ինքն իր հանդեպ փոքր-ինչ հարգանք անգամ ունենար, ապա այս գործը չէր բերի դատարան: Քննություն չէր կազմակերպի ու ավելորդ անգամ ծաղրի չէր ենթարկվի: Իսկ եթե Պավել Մանուկյանն իրոք վերաբերվեր դատարանին այնպես, ինչպես պնդում էր, ապա այս նիստին ոչ թե խնդրագիր-միջնորդություններ և հաճոյախոսություններ կշռայլեր, այլ հանգիստ կնստեր ու կժպտար ընթացակարգի վրա: Թերևս, ի պաշտպանություն իրեն, Մանուկյանը կարող է ասել, որ մոզին օգտագար անասուն է, իսկ ցռելը բնական երևույթ է, որը բնորոշ է բոլոր կենդանիներին, այդ թվում՝ մարդկանց:
Մարիա Պախուցկայա