ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ЭкономикаՀՀ ֆինանսների նախարար, հայ-ավստրիական երկկողմ արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների միջկառավարական խառը հանձնաժողովի հայկական կողմի նախագահող Վարդան Արամյանը «Euromoney» համաժողովի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումի հրավերով գտնվում է Վիեննայում։ Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում նախարարը հունվարի 17-ին հանդիպել է Ավստրիայի թվայնացման ու գործարար կապերի հարցերով փոխնախարար, հանձնաժողովի ավստրիական կողմի նախագահող Բերնարդետ Գիրլինգերի հետ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-ավստրիական համագործակցության կառույցի առաջիկա 8-րդ նիստի նախապատրաստման շուրջ: Քննարկվել են նաև հանձնաժողովի 2016թ. ապրիլին Վիեննայում տեղի ունեցած 7-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ոլորտային մակարդակով տեղեկատվությունը և փորձը փոխանակելու ու կողմերի հանձնառությունները լավագույնս կատարելու ուղիները:
Վիեննայում անցկացվող «Euromoney» համաժողովի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպել է նաև ներդրողների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու հետագա կանխատեսումները: Նախարարը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին: