Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը
Международные новостиԿանադան և ԱՄՆ-ն Ադրբեջանում ձերբակալված և 6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըին ազատ արձակելու պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Հաշվի առնելով խոսքի ազատությունը հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ և միջազգային փոխադարձ պարտավորությունները՝ Կանադան և ԱՄՆ-ն մտահոգություն են հայտնում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըին հունվարի 12-ին կայացված դատական վճռով 6 տարվա ազատազրկման ենթարկելու հետ կապված»,- նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ-ում Կանադայի ներկայացուցչական պատվիրակության և ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության կողմից ներկայացված համատեղ զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ միջազգային լայն շրջանակները մայիսի 29-ին Վրաստանում առևանգված և հետո Ադրբեջանում մագսանենգության մեջ մեղադրվող Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունը համարում են քաղաքական մոտիվներով կատարված ձերբակալություն:
«Կանադան և ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությունից պահանջում են ազատ արձակել Աֆղան Մուխտարլըին և իրենց հիմնարար ազատությունները իրացնելու համար ձերբակալված Ադրբեջանի մյուս քաղաքացիներին: Մենք շարունակում ենք սերտորեն վերահսկել Մուխտարլըի առևանգման հետ կապված՝ Վրաստանի կողմից իրականացվող հետաքննությունը և մեր վրացի գործընկերներից պահանջել ենք նոր տեղեկություններ հաղորդել գործի վերաբերյալ»,- նշված է զեկույցում:
Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ:
Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունը, որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմը, ով ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները: