Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել
ЭкономикаԴանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հունվարի 19-ին հանդիպել է Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարար Բրայան Միկելսենի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման սկզբում նախարար Միկելսենը նշեց, որ ողջունելի է Հայաստանի հետաքրքրվածությունը հայ-դանիական առևտրատնտեսական կապերի զարգացման համար ուղիներ փնտրելու և հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու գործում: Նա նաև նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս կնպաստի առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Դեսպան Արզումանյանը խոսեց Հայաստանի այն ոլորտների մասին, որտեղ համագործակցությունը և դանիական ներդրումները կարող են շահեկան լինել` մասնավորապես, ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտները, Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումային հնարավորությունները: Այդ համատեքստում կարևորվեց փոխայցելությունների իրականացումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ սեմինարների և բիզնես ֆորումների կազմակերպումը:
Նախարար Բրայան Միկելսենը համաձայնեց, որ այցերն ու տեղում ոլորտների պատասխանատուների հետ հանդիպումներն ու քննարկումները կարող են նպաստել արդյունավետ փոխգործակցությանը, և առաջիկայում Հայաստան այցելության հետաքրքրություն ու պատրաստակամություն հայտնեց` կոնկրետ ոլորտների ներկայացուցիչներին հանդիպելու և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Կողմերը պայմանավորվեցին աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ»: