Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան
ОбществоՍևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Վահագն Մելիքյանը գործն ընդունել է վարույթ:
Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 30-ին Սևանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգստացող Դ. Առաքելյանի և Ա.Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության, քաշքշուկի և ծեծկռտուքի ընթացքում հանկարծակի ուշագնաց լինելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված սուր կորոնար անբավարարության, աթերոսկլերոզի, կորոնարոկարդիոսկլերոզի և հետինֆակտային խոշոր օջախային կարդիսկլերոզի հետևանքով մահացած Ա. Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրելով Դ. Առաքելյանին, վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել և ժ. 19.30-ի սահմաններում սպանելու նպատակով իրեն պատկանող «FABARM» մոդելի 12 տրամաչափի մեկ փողանի բազմալիցքավորվող ողորկափող որսորդական հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է Դ. Առաքելյանի գլխի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(սպանություն):
Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 30-ին «Միրաժ » կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգստացող Դ. Առաքելյանի և Ա. Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության հանգամանքներին պարզաբանումներ տալու նպատակով վիճաբանելով է Դ. Առաքելյանի հետ, բազմաթիվ անգամ ձեռքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Բացի այդ, ժ.19.30-ի սահմաններում տեղեկանալով հոր՝ Ա. Հովհաննիսյանի մահվան մասին և ենթադրելով, որ վերջինս մահացել է Դ. Առաքելյանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով, ծեծելու եղանակով վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել և բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Դ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Մամիկոն Հովհանիսյանին մեղադրանք է առաջադրվել 118 հոդվածով (ծեծ):