Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա
ОбществоՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից և Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 67134 ավտոտրանսպորտային միջոց: Ինչպես նշված է ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի 2017 թվականի հաշվետվության մեջ, ստուգման արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 7 ավտոմեքենա:
«Միջազգային հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 (2016թ.` 162) ավտոմեքենա»,- նշված է հաշվետվության մեջ:
Ինտերպոլի SLTD (կորած/ գողացված ճամփորդական փաստաթղթեր` անձնագրեր, ID քարտեր, վիզաներ և այլն) պահոցում ԱԿԲ-ի կողմից հաշվառման դրված փաստաթղթերի համընկնումների կապակցությամբ հարցումներ են ստացվել կորած/գողացված 30 անձնագրերի վերաբերյալ, որոնցից այլ անվան տակ օգտագործվել են 13-ը, որոնց հիման վրա հարուցվել է 7 քրեական գործ:
«ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են հանդիսացել` անձանց հետախուզումը, անձանց օպերատիվ ստուգումները և նույնացումը՝ 11499 տեղեկատվական միավոր, առևանգված տրանսպորտային միջոցների հետախուզումը՝ 778 (2016թ.` 1067), դրամանենգությունը և փաստաթղթերի կեղծումը՝ 1312 և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ն լիարժեքորեն և ամբողջ ծավալով կատարել է իրեն վերապահված գործառույթային պարտականությունները հանցավորության դեմ պայքարի ոլորտում: ԱԿԲ-ի հիմնական խնդիրները հանդիսացել են. ոստիկանական ծառայություններին, ազգային իրավապահ այլ մարմիններին և Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ներին առավելագույնս ապահովել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության տրամադրության տակ առկա տեղեկատվությամբ (օպերատիվ և մեթոդական), արագ և արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ` եղած օպերատիվ տեղեկատվությունն իրացնելու նպատակով»,- ասված է հաշվետվության մեջ: