Հացպանյանի ֆենոմենը
АналитикаԿան մարդիկ, որոնց հետ կարելի է անընդհատ բանավիճել, կարելի է նրանց տեսակետներն ընդունել կամ չընդունել, սակայն չվերաբերվել նրանց անհնար է։ Նրանց բացակայությունից հետո ես հասկանում, որ հասարակության մեջ մեծ դատարկությունն ավելի է խորանում։ Այդ մարկանցից է, Արցախյան ազատամարտի հերոս, թուրքագետ, ու պարզապես մարդ՝ Սարգիս Հացպանյանը։
Հացպանյանի մահվան գույժը մեզ հասավ երեք օր առաջ։ Ընթերցողի մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչու՞ եմ հիմա գրում նրա մասին։ Թողեցի, որ հուզակունությունը զիջի բանականությանը, որպեսզի կարողանամ գրել այս փոքրիկ ակնարկը։
Կան դրվագներ, որոնք պայմանավորում են մարդկային ողջ պատմությունը։ Այդ դրվագների շուրջ, մարդիկ կառուցում են միֆեր, իրականությանը մոտ լեգենդներ, ու ապրում են իրենց ստեղծած իրականության մեջ։ 20-րդ և 21-րդ դարերն այդ առումով, տալիս են փայլուն հնարավորություններ։ Խոսքը դրվագներն անմահացնելու մասին է։ Մի քանի նկար, կարող են ամբողջությամբ պատմել ղարաբաղյան գոյամարտը և այդ նկարներից մեկն էլ Հացպանյանի հայտնի նկարն է՝ ադրբեջանցի տատիկի հետ։
Հացպանյանը հետաքրքիր ու անշահախնդիր տեսակ էր, որը քիչ է պատահում կռվում հռչակված մարդկանց մեջ։ Նա այլոց նման ճակատից տուն չեկավ ու սկսեց իր «փայը» պահանջել, որպես կռված մարդ։ Ոչ, նա ընդամենը երկու բան էր պահանջում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և պետության ամրապնդում։
Առաջինին հասավ համառ ու տևական պայքարից հետո։ Երկրորդին հասնելու ճանապարհին էր, որ քայքայեց առողջությունը և այսօր նրան մեր կողքին չունենք։ Նա նաև գաղափարական էր՝ շեշտված գաղափարական։ Իսկ որպես կանոն, գաղափարականները չեն մտնում կենցաղային գործարքների մեջ ու դա ավելի է վեհացնում նրանց տեսակը։
Մի անգամ, աշխատանքից հետո, հոգնած, հանդիպեցի Սարգիսին։ Քննարկելու բան ունեինք ու խոսելու։ Խոսեցինք ուղիղ 5 ժամ, ու չնայած աշխատանքային օրվա հոգնությանս, որևէ ձանձրույթ չզգացի։ Հանդիպումից հետո տպավորություն էր, թե խոսել ենք ամեն ինչից։
Հանգչիր խաղաղությամբ, ՀՀ քաղաքացի։
Վահրամ Թոքմաջյան