Սարգսյանն ուշադրության կարիք ունի
АналитикаԻնչպես գիտենք, Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում։ Երեկ նրան ընդունել էր այդ երկրի նախագահ Մակրոնը։ Եթե չանդրադառնանք նախագահների հանդիպման առաջին դրվագի զավեշտին, երբ Սարգսյանին հատկացված համաժամանակյա թարգմանության ականջակալը չէր աշխատում, ապա մնացած մասով, հանդիպումն ընթացավ անհետաքրքիր և շարքային։
Լուրջ մեսսիջներ փնտրել, հատկապես Մակրոնի խոսքերում, կարիք չկա։ Նա ընդունել էր ամենասովորական պետության ղեկավարի, որոնցից կարող է ընդունել մի քանի անգամ՝ ամսվա ընթացքում։ Բնական է, որ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի առաջնորդ, Մակրոնը պետք է անդրադառնար նաև ԼՂՀ հարցի կարգավորմանը։ Սակայն, հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումները ու փաստացի կողմերի անկարողությունն ազդել Հայաստանի ու Ադրբեջանի վրա, այդ հայտարարությունները ևս կրում են դեկլարատիվ բնույթ։
Այցն ավելի կարևոր էր հատկապես Սարգսյանի համար։ Նա գնացել էր եվրոպական քաղաքակրթության կենտրոններից մեկը։ Այս այցով, Սարգսյանը կարծես փորձում էր հաղթահարել իր միջազգային մեկուսացումը։ Վերջին շրջանում, Սարգսյանը բացի Պուտինից ու հետխորհդրային տարածքի առաջնորդներից, այլ պաշտոնակից չէր տեսել։
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո տրված պաշտոնական ընթրիքի և ընթացիկ հանդիպումների ժամանակ, Սարգսյանն հայտնվել է բավականին անհաճո ու մեկուսացած վիճակում։ Սա ասում են մեր քաջատեղյակ աղբյուրները։ Այս առումով, Մակրոնի հետ հանդիպումը թռիչք էր Սարգսյանի համար։
Մյուս կողմից, սա կարևորվում է ապրիլյան գործընթացներից առաջ։ Ինչպես հայտնի է, Սարգսյանը Մակրոնին հրավիրեց փոխադարձ այց կատարել Հայաստան։ Իսկ այդ այցը կարող է լինել այս տարվա հոկտեմբեր ամսին՝ Ֆրանկոֆոնիայի օրերին։ Հայտնի է նաև, որ նոր Սահմանադրությամբ, Հայաստանի առաջին դեմքը փաստացի դառնում է Սարգսյանը, որն էլ ամենայն հավանականությամբ կընդունի Մակրոնին։ Ահա և այն հարցի պատասխանը, որը մենք տվել էինք դեռ 2015 թվականին, բայց որոշ դատարակաբաններ, այն քննարկում են մինչ օրս ու բավականին լուրջ դեմքով։
Զուբեյդա Հովհաննիսյան