Եթե չլիներ այդ պոպուլիզմը
АналитикаԵթե չլիներ պոպուլիզմը, ապա համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան կավարտվեր մեկ օրում: Խոսքն այս անգամ վերաբերվում է այնպիսի ողբերգական իրադարձություն, ինչպիսի մարտի մեկն է:
Փաշինյանն իր վերջին՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադարձավ այս թեմային, հատկապես ելնելով այն հանգամանքից, որ ՀԱԿ-ը կազմակերպել է միջոցառումների շարք: Լրանում է ոչ միայն Արցախյան շարժման 30 տարին, այլ նաև մարտի մեկի 10 տարին:
Եթե առաջինի հետ Նիկոլը և նրա ներկայացրած դաշինքի պատգամավորների մի մասն ուղղակի առնչություն չունեն, ապա երկրորդի պարագայում, ազնիվ լինելու համար պետք է նշենք, որ նա ունեցել է ակտիվ մասնակցություն և դերակատարում: Մեծ հաշվով, նա մոտավորապես արտահայտում է միտք առ այն, որ որևէ քաղաքական ուժ, իրավունք չունի իրենն համարելու Մարտի մեկը: Այստեղ ևս կարող ենք համաձայնել: Սակայն այն, որ այդ գործընթացներից ամենաշատը տուժել են ներկայիս ՀԱԿ-ի և առաջին նախագահի կողմնակիցները, որոնցից մեկն էլ հենց Փաշինյանն էր, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել:
Այս առումով, ՀԱԿ-ը կարող է իրեն թույլ տալ զանգվածային միջոցառումներ կազմակերպել: Մյուս քաղաքական ուժերը ևս կարող են մասնակցել, քանի որ չի դրվում իշխանափոխության կամ նմանատիպ գործընթաց սկսելու խնդիր: Պահանջները հստակ ձևակերպված և բազմիցս բարձրաձայնված են:
Սակայն Նիկոլը կարծես չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին, բայց որպեսզի ընդհանրապես պարապուրդի չմատնվի, իր դաշինքով առաջ է քաշում մի չարչարկված հայատարարության տեքստ:
Ընդհանրապես, դժվար է ասել, թե այդ տեքստը կհասնի խորհրդարանի լիագումար նիստ, թե չի հասնի: Դժվար է ասել նաև, թե այդ տեքստում տեղ գտած մտքերը քանի՞ անգամ են արդեն կրկնվել: Ընդդիմությունն իր ամենաուժեղ փուլում անգամ, չի կարողացել պարտադրել իշխանություններին մարտի մեկի դեպքերի ամբողջական բացահայտում: Ավելին, քանի դեռ կան այս իշխանությունները, որոնք անմիջականորեն եկել են իշխանության մարտի մեկի արդյունքում, պարզ է, որ չեն բացահայտելու: Չգիտի՞ Նիկոլն այս մասին, իհարկե գիտի:
Նա պարզապես, խորհրդային հայտնի խոսքը՝ կրկնությունը գիտության մայրն է, իր համար դարձնելով կենսաձև, խուսափում է ուղղակի պատասխանատվությունից և որևէ լուրջ գործընթացի մասնակցելուց:
Զաբել Ռուբինյան