Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2017թ. կատարած աշխատանքները
ОбществоԵրևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2017թ. կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության և Երևանում գործող ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով: Մասնավորապես, նշվել է, որ Երևանի փրկարարական վարչության հիմնական խնդիրը եղել է մասնագիտական պարտականություններն առանձնահատուկ կարևորելու և բարեխղճորեն կատարելու միջոցով մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովումը: Նիստում ներկայացվել են նաև 2018թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից մայրաքաղաքում նախատեսված ծրագրերն ու աշխատանքները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով հետևողական աշխատանքների համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը փաստել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների համագործակցությունն այսուհետ ևս լինելու է ամենօրյա և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել Երևան քաղաքի փրկարարական վարչությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանն էլ հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը տարիների հաջողված փորձ ունի և իր հերթին վստահեցրել, որ համատեղ արդյունավետ աշխատանքն առաջիկա տարիներին ևս կլինի շարունակական:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը 2017թ. ընթացքում առավել աչքի ընկած ՀՀ ԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցներին պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: