Ներեցեք, իսկ դուք ո՞ր մասով եք մտածում
АналитикаՍույն բարի դեմքով տղան, ՀՀ Առողջապահության նախարարն է: Նա երբեք, և ոչ մի լուրջ գործով աչքի չի ընկնում: Պարբերաբար հայտնվում է ծխելու խնդիրների հետ կապված ու էլի հեռանում: Դե զբաղված է տղան, շատ բիզնեսներ ունի, իր անմիջական պարտականությունները կատարելու համար: Նրա ղեկավարած գերատեսչությունը, նոր օրինագիծ է պատրաստել, որով նախատեսվում է հետևյալը:
Չսահմանված վայրում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` 250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով: Իհարկե, կան տուգանքներ, օրինակ մեքենայի մեջ ծխելը կամ երթուղայինի, որոնք ավելի մեղմ են դատվում՝ 50.000-100.000 դրամի չափով: Հասկանու՞մ եք, ծայրահեղ աղքատ մի երկրում, որի նվազագույն աշխատավարձը չի անցնում 50,000 դրամի շեմը, հնգապատիկ ավել տուգանք են նշանակում մի բանի համար, որը մնացել է մարդկանց վերջին մխիթարանք:
Գիտենք, որ ծխելը խնդիր է: Գիտենք նաև, որ մարդիկ, հատկապես դեռահասության փուլում, գնացել են դրան ընկնելով շրջապատի ազդեցության տակ: Սակայն այս ամենի դեմ պայքարելու համար, հարկավոր են այլ տարբերակներ:
Օրինակ արդյո՞ք կա վիճակագրություն այն մասին, թե անցնող տարիների ընթացքում, քանի խանութ է տուգանվել անչափահասներին սիգարետ վաճառելու համար: Համոզված եմ, որ եթե անգամ, որևէ խանութ տուգանված լինի, ապա օլիգարխներին պատկանող սուպերմարկետ չի լինի:
Իսկ իրականում ի՞նչ են ուզում: Մարդիկ ուզում են ընդամենը բյուջե լցնել, որպեսզի իրենց լափածների տեղը հանեն: Եթե կարծում եք, թե մեր մասին կամ միջավայրի խնամքի մասին են մտածում, ապա չարաչար սխալվում եք:
Զաբել Ռուբինյան