Գյուղատնտեսության նախարարը Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
ЭкономикаՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն հունվարի 30-ին հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել 2018-2020 թվականներին ԵՄ ֆինանսական աջակցության հիմնական ուղղությունները և հետագա համագործակցության հեռանկարները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վասիլիս Մարագոսը նշել է, որ 2017 թվականին ԵՄ-ի համագործակցությունը Հայաստանի հետ բավականին հաջող է ընթացել` կարևորելով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Անդրադառնալով 2018 թվականի ԵՄ բյուջեով նախատեսված ծրագրերին` ԵՄ պաշտոնյան հավելել է, որ նախատեսում են շարունակել օժանդակությունն ուղղված տարածքային զարգացմանը, որի համար ընտրվել են Հայաստանի հյուսիսային մարզերը` Շիրակը, Լոռին և Տավուշը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակում ցուցաբերած երկարատև օժանդակության համար:
Նախարար Առաքելյանն առաջարկել է ԵՄ գործընկերներին քննարկել նշված մարզերում PPP (պետություն-մասնավոր հատված գործընկերություն) ձևաչափով մթերման կայանների ստեղծման հարցում ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հարցը: Նախարարի խոսքով` դրանք կլինեն սոցիալական պատասխանատվության կենտրոններ, որոնք ֆերմերներին արտադրանք կպատվիրեն, կհոգան սերմնանյութի, ֆերմերների խորհրդատվության հարցերը և կգնեն ստացված արտադրանքը:
Վասիլիս Մարագոսը դրական է արձագանքել ներկայացված առաջարկներին` նշելով, որ հիասքանչ գաղափարների փունջ է և հավակնոտ ծրագիր: Նա կարևորել է այդ ծրագրերի իրականացման գործում նաև գենդերային հարցերը, ինչպես նաև գյուղոլորտում երիտասարդների ներգրավումը խրախուսելուն ուղղված միջոցառումները:
Կողմերը պայմանավորվել են, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակի և ներկայացնի մթերման կայանների ծրագիրը, իսկ գյուղատնտեսական կրթական քոլեջների ստեղծմանն օժանդակելու հարցը քննարկվի միջգերատեսչական մակարդակով որոշում կայացնելուց հետո: