Թուրքական օդուժը հրթիռակոծում է սիրիական պատմամշակութային հուշարձանները. լրատվամիջոցներ
Международные новостиԹուրքական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Աֆրինի շրջանում գտնվող պատմական Նեբի-Հուրի ամրոցը, այս մասին գրում է քրդական ANF գործակալությունը:
Անտիկ ժամանակաշրջանին պատկանող այս կառույցը համարվում է Սիրիայի ամենահին պատմական հուշարձաններից մեկը:
Օրեր առաջ էլ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը կառուցվել է մ.թ.ա. 13-րդ դարում:
Ավելի վաղ նույն կառույցը պարբերական հարձակումների է ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: