Անտեղյակը
АналитикаՆախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին բոլոր լրատվամիջոցները շարունակում են միայն դրական երանգներով ներկայացնել: Հասկանալի է, որ նա առաջ է քաշված որպես լարվածություն թուլացնող թեկնածու և պետք է ընկալելի լինի բոլոր բևեռների կողմից:
Սակայն պարզվում է, որ Արմեն Սարգսյանը բավականին խելացի էր միայն սկզբնական փուլում: Նրա խելացիությունը դրսևորվում էր այն հանգամանքով, որ նախագահի հնարավոր թեկնածուն քիչ էր խոսում: Որ պահից նա սկսեց շատ խոսել, ամեն ինչ փչացրեց:
Այսպես ասած կրթության ոլորտի ու գիտնականների հետ հանդիպման ժամանակ նրա արտահայտած մտքերը, որոնց ականջալուր դարձրեց Ռադիկ Մարտիրոսյանը և վերջին երկու օրվա նրա պնդումները, ցույց են տալիս, որ կամ նա անտեղյակ է, թե ինչ պաշտոնի է գալիս, կամ պարզապես իրեն գցել է համապատասխան բոստանը:
Պարզվում է, Արմեն Սարգսյանը որոշել է աշխատատեղեր ստեղծել ու այդ կերպ կասեցնել արտագաղթը: Արդյո՞ք որևէ մեկը սույն պարոնին չի հուշել, որ այդ գործառույթը, նոր Սահմանադրությամբ, նախագահը չունի: Նախագահի պաշտոնում իրականում, նա ավելի քիչ գործառույթներ ունի, քան ասենք Մեծ Բրիտանիայում դեսպան աշխատելու տարիներին:
Սարգսյանը ոչ միայն թյուրիմացություն է ցուցաբերում այս հարցում, այլ նաև անում է պնդումներ, որոնք ցույց են տալիս նրա անտեղյակության մակարդակը: Ի մասնավորի, «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա պնդում է. «Հարցը միայն այն չէ՝ առաջարկը ուզում ես, թե ոչ, պատրաստ ես թե ոչ, այլ նաև՝ եթե ընդունում ես ի՞նչ ես անելու և ինչպե՞ս ես անելու: Ամեն ինչ շատ պարզ է, ուրիշ բան է՝ մարդիկ գնահատական տան առանց իշխանության կամ առանց լիազորությունների, որոնց հետ ես համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան սահմանադրությունը կտեսնեն, որ դա որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին է: Հասկանալի է նաև, որ Սահմանադրության գծված սահմանները սահմաններ են, որից չես կարող անցնել այս կողմ կամ այն կողմ: Եվ հասկանալի է, որ Հանրապետության նախագահը իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության և՛ տառը, և՛ բառը: Սակայն, պարոն Աբրահամյան, Դուք և ես շատ լավ գիտենք՝ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ ստեղծել և տարբեր մտքեր արտահայտել»:
Մեր կողմից ավելացնենք, որ ՀՀ չորրորդ նախագահն իհարկե ավելի շատ լիազորություններ ունի քան ժեկի պետը կամ շինարարության տասնապետը, բայց դա չի նշանակում, որ դրանք առանցքային ու դարակազմիկ լիազորություններ են: Նախագահն ընդամենը նախագահ է աշխատելու Սերժ Սարգսյանի մոտ:
Զուբեյդա Հովհաննիսյան