Բարև դիկտատուրա, ես քեզ սպասում էի
АналитикаՔանի մոտենում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դրվագը, այնքան այդ պաշտոնն ավելի են համապատասխանեցնում վերջինիս պահանջմունքներին և ընդունակություններին։ Կառավարության նիստում, Դավիթ Հարությունյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, համաձայն որի, կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը և կառավարության անդամներից որևէ մեկը առանց վարչապետի թույլտվության չի կարող տեղեկատվություն տրամադրել։ Կառավարության նիստերը հրապարակային կլինեն միայն հատուկ դեպքերում։
Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:
Ստացվում է այնպես, որ նախարարները նույնիսկ բարձր արտաշնչելու իրավունք չեն ունենա, առանց վարչապետի թույլտվության։ Հանուն արդարության նշենք, որ հիմա էլ առանձնապես լուրջ բաներից չէին խոսում, առանց վերևների հրամանի։
Այս նախագիծն իր մեջ ունի բազմաթիվ խնդրահարույց կետեր։ Այն դառնում է ԳենՍեկի նիստներին նմանվող իրողություն։ Կառավարությունը սրանով ասում է, որ հասարակություն, ես քեզ հա՛շվետու չեմ ու թքած ունեմ, թե դու ինչ կմտածես։ Մինչ այս նախագիծը, կառավարությունն առնաձնապես հա՛շվետու չէր էլ եղել, պարզապես կար ազատության որոշակի իմիտացիա և տեղեկատվության ազատության պատրանք։
Իհարկե, հասկանում ենք նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի նման շոումեն չէ ու չի կարողանալու պիջակը կիսանետելով հանձնարարականներ տալ։ Ուստի, էլ ու՞մ են պետք այդ հրապարակային նիստերը, եթե շոուի բաադրիչը չեն կարողանալու ապահովել։
Մարիա Պախուցկայա