Գրական մրցանակներ հանձնվեցին տարվա լավագույն ստեղծագործություններին
КультураԳրականության ասպարեզում 2017 թվականին լավագույնը ճանաչված ստեղծագործությունների հեղինակները փետրվարի 6-ին Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ստացան իրենց պարգեւները: Հանդիսությունը տեղի ունեցավ միության դահլիճում:
Բացմանը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ամենամյա այս մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 1972 թվականին:
«Մշտապես հարգի է եղել: Այսօր էլ ամեն գրող իր կենսագրության մեջ առանձնահատուկ ձեւով է նշում: Մրցանակները օգնելու են, որպեսզի հիշվի եւ՛ գրողի անունը, եւ՛ նրա գրած ստեղծագործությունը: Պետք է հասարակությունը իմանա, թե ինչ գործ է անում, եւ ինչպես է ապրում իր գրական կյանքը ժամանակակից հայ գրողը»,- ընդգծեց գրողների միության նախագահը:
Լոռվա հայրենակցական միության կողմից անցյալ տարի սահմանված Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը տրվեց Նորայր Ադալյանին՝ «Աշնանային շրջան» պիեսներ գրքի համար: Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակակիր դարձավ Ռոլանդ Շառոյանը` «Էրգրի աստվածները» վիպասքի եւ «Բառերի խրխինջը» ժողովածուի համար: Պոեզիայի ժանրում Ավ. Իսահակյանի անվան մրցանակը գրողների միության նախագահը հանձնեց Սամվել Կոսյանին՝ «Բառերը հենարան չեն այլեւս» գրքի համար:
Լավագույն հրապարակախոսական աշխատանքներ ճանաչվեցին Տիգրան Նիկողոսյանի «...Եվ գիրը մեր»-ը եւ Գրիգոր Ջանիկյանի «Գողգոթա»-ն: Հեղինակներին տրվեց Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը: Լավագույն գրականագիտություն ու գրաքննադատություն անվանակարգում` Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը ստացավ Սամվել Մուրադյանը` «Հովհաննես Շիրազը» մենագրության համար:
Վախթանգ Անանյանի անվան մրցանակ տրվեց մանկական գրականության ասպարեզում նշանակալի ավանդ ունեցած երկու հեղինակների` Անահիտ Թարյանին` իր «Գիտնական իշուկը» ժողովածուի, եւ Սամվել Բեգլարյանին` «Ցուրտ երկիր, տաք կայարան» պատմվածքների համար: Այս տարի առաջին անգամ Հովհաննես Մասեհյանի անվան թարգմանական մրցանակ անվանակարգ էր սահմանվել: Մրցանակակիր դարձավ Արամ Արսենյանը` Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գրքի թարգմանության համար:
Մրցանակներ էին սահմանել նաեւ ՀԳՄ Ծաղկաձորի եւ Սեւանի ստեղծագործական տները, Արարատի գինու գործարանը, «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամը:
Մանրամասները` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում