Երկու օտարների հանդիպումը
Аналитика«Երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ», - գրել է Կ.Կարապետյանը Facebook-ի իր էջում։
Կարեն Կարապետյանը եզակի հատկություն ունի իշխանության խոշոր քայլերի մասին խոսել այնպես, կարծես ինքն այդ իշխանության մասը չէ: ՀՀԿ կողմից առաջադրված բառակապակցությունը Կարապետյանի գրառման մեջ այնպես է կարդացվում, կարծես Կարապետյանը ընդհանրապես Հայաստանի, ՀՀԿ-ի ու իշխանության հետ կապ չունի:
Ինչևէ: Հանդիպել են դրսից Հայաստան բերված երկու գործիչներ, որոնց հիմնական դերակատարումը դառնում է Սերժ Սարգսյանի քաղաքական ամբիցիաների սպասարկումը: Իհարկե, այդ ամենն ուղիղ չի ասվում: Ավելին ՝ Կարապետյանին ու նրա թիմակիցներին թվում է, թե Սերժ Սարգսյանը նահանջել է ՝ Կարապետյանին վարչապետ նշանակելով, այնինչ անցումային փուլում Սարգսյանը պարզապես բավարարել է ռուսների քիմքը ու լիկվիդացրել նրանց կողմից հնարավոր սաբոտաժը:
Արմեն Սարգսյանի դեպքում երանգներն ավելի դրական են, բայց մոտեցումը նույնն է ՝ քայլ առաջ Արևմուտքին ՝ սիմվոլիկ նախագահի տեսքով:
Հետաքրքրական է, որ Կարապետյանի գրառման մեջ կարևորվել է արտաքին ներդրումների հարցը: Դրսից եկած այս երկու գործիչները կարծես թե մի տեսլական ունեն ՝ դրսի ներդրումներ բերելը: Կարծես, թե այդ տեսլականը լուրջ է ընդունվում նաև շատերի կողմից: Խնդիրը, ըստ այդ տեսլականի, մեկն է ՝ պետք է լինել վստահելի կամ «սվոյ» մարդ որևէ հարուստ երկրում, գնալ ու փող բերել: Բայց այդ մեթոդը չի աշխատում, որովհետև հանուն ընկերության ներդրում չեն անում: Կարապետյանի ներդրողների ակումբը դրա վառ վկայությունն է: Ներդրումների համար պետք է ունենալ համապատասխան միջավայր, որն ակնհայտորեն Հայաստանում չկա:
Այնպես, որ երկու օտարների հանդիպումն այդպես էլ որպես հանդիպում կմնա, ինչպես նրանց հուսառատ, բայց անբովանդակ քաղաքական հետագիծը:
Արտակ Ասլանյան