Սերժ Սարգսյանը մեղքը գցու՞մ է Եվրոպայի վրա
АналитикаՄյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց է ուղղել «Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերը:
- ... դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը և նոր գործընկերություն էր ստեղծել: Զղջացե՞լ էիք, թե՞ Ռուսաստանի ճնշումն էր, թե՞ կյանքն էր փոխվել: Սա՞ է արդյոք նոր մոդելը, նոր օրինակը:
Սերժ Սարգսյանին այս հարցը շատ են տալիս և դեռ տալու են, որովհետև գործընթացի ծայրահեղ ոչ թափանցիկությունը բոլորի մոտ կասկածներ է առաջացրել, որ եղել է ճնշում ռուսական կողմից: Սարգսյանն այդ ճնշումն իհարկե հերքում է, բայց ռուսական քաղաքականությանը ծանոթ եվրոպացիները թե ավանդաբար, թե օպերատիվ ինֆորմացիայի մակարդակում տիրապետում են ռուսական ճնշման մասին փաստերի ու չեն դադարում տալ այս հարցը: Նրանց թիրախն իհարկե Սարգսյանը չէ, այլ Պուտինը ՝ նրա դեմ քարոզչական պատերազմում ևս մեկ զենք ձեռք բերելը:
Սարգսյանը, սակայն, համառորեն Պուտինին չի մատնում: Ընդհակառակը մեղքը գցում է Եվրոպայի վրա ու միշտ մատնանշում Ուկրաինայի օրինակը: Օրինակ, որ ձախողված է Եվրոպայի համար, որովհետև փաստացի Ռուսաստանից անջատված այդ երկրում, այդպես էլ եվրոպական տիպի պետության ձևավորման միտումներ չեն նկատվում:
Կընդունե՞ն արդյոք Եվրոպացիները Սարգսյանի այս գործելաոճը, երբ ռուսների փոխարեն իրենք են մեղավոր դուրս գալիս: Թե Սարգսյանը հույսը դրել է նրա վրա, որ Եվրոպան հոգնել է հակառուսական հիստերիայից ու փորձում է հնարավոր կոմպրոմիսի ժամանակ խաղաղության աղավնու դերակատարում ստանձնել:
Սարգիս Մեսրոպյան