Ռիո դե Ժանեյրոյում երեք տոննա թմրանյութ է առգրավվել միջազգային օդանավակայանի մերձակայքում
Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը շուրջ երեք տոննա թմրանյութ է առգրավել այն թաքստոցից, որը սարքավորված եղել «Գալեան» միջազգային օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտու մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Հատուկ գործողությունների ոստիկանական գումարտակի ներկայացուցիչները: Թմրանյութերի փաթեթվածքների հետ, որոնց մեծ մասը պարունակել է կոկաին, գտնվել են հինգ ինքնաձիգ և մեկ դյուրակիր համակարգիչ:
Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները նոյեմբերի 6-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ծավալուն գործողություն են սկսել Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային և հյուսիսարևմտյան արվարձաններում: Այդ շրջանը, որը հայտնի է որպես Բայշադա Ֆլումինենսի, իրենց հենակետերի համար ընտրել են թմրամաֆիայի այն խմբավորումները, որոնց ավելի վաղ իրավապահ մարմինները դուրս էին մղել քաղաքի կենտրոնին և տուրիստական շրջաններին հարող հետնախորշերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: