«ՀԺ». Ամիսներ շարունակ գործել է ապօրինի խաղատուն. կառավարությունը «հոգ է տանում» խոշոր բիզնեսի մասին
Այս տարվա հունվարի մեկից խաղատները դուրս բերվեցին Երևանի և Հայաստանի այլ քաղաքների վարչական տարածքներից: Բացառություն կազմեցին միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքները: Այս քաղաքներում խաղատուն բացելու լիցենզիա ստանալու համար պետք է վճարել պետական տուրք 30-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան: Այլ վայրերում խաղատուն բացելու համար պետական տուրքը կազմում է տարեկան 4.5 միլիարդ դրամ: Գրում է «ՀԺ»-ն:
Սակայն այս տարվա ապրիլի վերջին Սևանի ափին գտնվող «Ախթամար» համալիրում մեծ շուքով բացվեց «Գոլդեն Փալաս» խաղատունը: Այն գործում է արդեն մի քանի ամիս: Բայց ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի, «Ախթամարը» խաղատան լիցենզիան ստացել է միայն այս տարվա սեպտեմբերի 10-ին: Այսինքն ամիսներ շարունակ այնտեղ գործել է ապօրինի խաղատուն: Ընդ որում, գործել է ոչ թաքուն՝ Սևանի մայրուղու վրա դեռ ամռանը տեղադրված էին խաղատան գովազդ-պաստառները: