«Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին
Общество«Ելք» խմբակցությունը Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հրավիրվել էր խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում է ORER.am-ը:
«Լա՞վ եք, պարոն Կոստանյան, դուք ձախողված դատախազ եք, բա առյուծի սիրտ պետք է ունենալ, որպեսզի նման հարցազրույց տալուց հետո համարձակվել գալ հանրային լսումներին: Շնորհակալություն պիտի հայտնենք, որ Ռուսաստանի Սահմանադրությունից մեջբերումներ չարեցիք: Հուսանք՝ գիշերները լավ եք քնում»,- դիմելով նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Ըստ Բարսեղյանի՝ հանրային լսումներն ընդամենը մխիթարանք են, քանի որ բոլորին հայտնի է՝ դիրիժորը եղել է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ պատասխանատուն՝ ի պաշտոնե վարչապետ Սերժ Սարգսյանը։
Լսումների մասնակից Վարդգես Գասպարիին սկզբում անվտանգության ծառայություն աշխատակիցները ներս չէին թողնում: Հետագայում իրավիճակը հարթվեց:
«Խորապես ցավում եմ, զղջում եմ, որ ձեր հարազատների, ձեր երեխաների փոխարեն չգնդակահարվեցինք մենք՝ շարժման առավել երկարատև հատվածի մասնակիցներս»,- իր ելույթում նշեց Գասպարին:
Իշխանություններին նա ասաց. «Դուք ուղղակիորեն գնդակահարել եք իմ հարազատներին, ոչ ավելին, ոչ պակաս՝ դուք եք գնդակահարել։ Ես, այստեղ գտնվելով, այս կարգավիճակում, այս դահլիճում, չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին»:
«Մարտի 1-ն ուղերձ էր մեր հասարակությանը՝ թե լռե՛ք, մենք քաղաքացիական հասարակություն չենք ուզում։ Ասում եք՝ քաղաքացին պիտի իր իրավունքները ճանաչի․ թողնո՞ւմ եք, որ ճանաչի, թողնո՞ւմ եք, որ քաղաքացին իր իրավունքները ճանաչելու պահանջ զգա, որ այս վախի մթնոլորտը չաճի, որ շատ ավելի վատ հետևանքներ չունենանք»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. Ռոբերտ Քոչարյանն իր համար չէր արյուն հեղում, այլ Սերժ Սարգսյանի, և եթե նա այդ արյունը չէր ուզում, մինչև հիմա թող Բ 26-ում նստած չվայելեր՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին, քաղբանտարկյալներին, Հայաստանի քաղաքացիներին ձեռք առնելով»: