Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ
ОбществоPast.am-ը գրում է.
Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում «Մաքդոնալդս» արագ սննդի խոշորագույն ցանցի հնարավոր բացման մասին է խոսվում: Թեև լուրերը պաշտոնապես հերքվում են, ժամանակ առ ժամանակ այն կրկին շրջանառվում է: Այս առումով բացառություն չէ նաև 2018 թվականը: Հունվարից նորից շրջանառվում է արագ սննդի բացման հնարավորությունը: Իսկ օրեր առաջ վրացի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդաշարին տեղեկացրել է, որ բացումն արդեն ծրագրված է:
Այդուհանդերձ, պաշտոնապես այս լուրը չի հաստատվում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից Past.am-ը փորձեց ճշտել՝ ընկերության հետ այս փուլում ի՞նչ բանակցություններ են ընթանում:
Ի պատասխան՝ նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց. «Քանի որ նախորդ տարի կրկին նման շշուկներ էին բարձրացել ԶԼՄ-ների կողմից, նախարարության ներդրումային վարչությունը կապ էր հաստատել «Մաքդոնալդս»-ի հետ: Մենք պատասխան էինք ստացել, որ առաջիկայում ՀՀ-ում արագ սննդի իրենց ցանցը բացելու ծրագրեր չունեն»:
Դիտարկմանը, թե նոր հարցում ուղարկվելո՞ւ է, թե ոչ, նա պատասխանեց. «Չեմ կարծում: Նպատակահարմար չենք գտնում, որովհետև կարծում եմ, որ իրենք առաջիկայի համար սպառիչ պատասխան էին տրամադրել»:
Նշենք, որ զուգահեռ լուրերի, մի շարք փորձագետներ «Մաքդոնալդս»-ի մուտքը սննդի անվտանգության տեսանկյունից խնդրահարույց են համարում:
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, սակայն, չի կարծում, որ ցանցի մուտքն արգելելը ճիշտ մոտեցում կլինի:
«Քաղաքակիրթ աշխարհում նման բան չկա: Դա կարելի է անել այն դեպքում, երբ տեսնենք, որ վտանգ կա: «Մաքդոնալդս»-ն ամբողջ աշխարհում տարածված ցանց է: Բացի այդ՝ մեզ մոտ սննդի ոլորտում կան շատ կառույցներ, որոնց սպասարկումն ավելի վատ մակարդակի է: Այնպես որ՝ չեմ գտնում, որ պետք է արգելել, ուղղակի պետք է վերահսկել, որ նորմալ և անվտանգ ծառայություն մատուցվի: Առավել ևս՝ որ այդ կառույցն ամբողջ աշխարհում հայտնի է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:
ՀԿ նախագահը շեշտեց. «Իհարկե, եղել են խնդիրներ, բայց երբ օգտվում ես այդ արտադրանքից, տեսնում ես, որ, համենայն դեպս, սանիտարահիգիենիկ նորմերի առումով ավելի բարձր մակարդակում են, քան Հայաստանում գործող շատ սննդի օբյեկտներ: Այլ հարց է, թե «Մաքդոնալդս»-ում ինչ մթերքներ կօգտագործվեն, որովհետև խոսակցություններ են գնացել նաև, որ ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) է օգտագործվում: Թեև եղել են հայտարարություններ, բայց այս առումով ևս պետք է վերահսկվի: Եթե վերահսկողություն չեղավ, «Մաքդոնալդս»-ը չեղավ, ով ուզում է լինի, խնդիրներ կլինեն: KFC-ին էլ է համաշխարհային ցանց, բայց ինչպես ամբողջ աշխարհում այստեղ ևս նորմալ գործում է ցանցը»:
Իսկ «Մաքդոնալդս»-ն ի՞նչ վերահսկողություն է ենթադրում: Այսինքն՝ բոլոր ցանցերը ենթարկվում են մեկ ընդհանուր կանոնակարգի, թե այն երկրի կանոններին, որտեղ որ գործում են:
Հարցին ի պատասխան՝ Կ. Չիլինգարյանը նշեց. «Թեև հանձն է առնում իր աշխատանքն իրականացնել միջազգային ընդհանուր կանոնադրության համաձայն, բայց միևնույն է, որտեղ բացվում է, նախևառաջ պետք է ենթարկվի տեղական օրենքներին: Եթե մեզ մոտ Սննդի անվտանգության պետական ծառայությունը նորմալ վերահսկվի՝ խնդիր չի լինի: Արդեն տասը տարուց ավելի է՝ Վրաստանում գործում է «Մաքդոնալդս»-ը: Եվ սա այն դեպքում, երբ վրացական խոհանոցը բավականին ճանաչված է աշխարհում»:
Մեր զրուցակիցը շեշտեց՝ թեև հստակ օրինակներ չունի, թե որ երկրներում են արգելել «Մաքդոնալդս»-ը, բայց եթե անգամ նման օրինակներ կան, մեզ համար դա չափանիշ չպետք է լինի:
«Մենք մանրամասն պետք է ուսումնասիրենք պատճառները, համաձայն որոնց նման արգելանք է եղել: Այդ ուսումնասիրությունից ելնելով էլ նոր կարելի է մտածել, թո՞ւյլ տալ «Մաքդոնալդս»-ի մուտքը Հայաստան, թե ոչ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բադալյան