Փաշինյանի անվերջանալի թամաշան
АналитикаՍահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը կեղծ օրակարգ համարող Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ որոշել է պայքարել Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Կամ նոր է գլխի ընկել, որ Սերժ Սարգսյանը սահմանադրությունը փոխում էր, որ վերարտադրվեր, կամ էլ կրկին պարապ է մնացել ու սիրտը ֆորս-մաժոր է ուզում:
Ընդհանրապես, Փաշինյանը սիրում է ֆորս-մաժորներ, ընդ որում, կարևոր չէ, թե ինչ բովանդակությամբ: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ րոպեներ պահանջվեցին այնտեղ հայտնվելու ու «թեմայի մեջ» մտնելու համար: Նույնքան արագ էլ Փաշինյանը հեռացավ, որովհետև պարզվեց, որ նրա ՝ տեղի ունեցածն իր օգտին օգտագործելու միտումն այդքան էլ ողջունելի չէր հիմնական դերակատարների համար:
Հիմա էլ, ակտիվորեն խոսում է այն մասին, թե պետք է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխել: Ընդ որում, խոսում է այն բանից հետո, երբ իր ներկայացրած կուսակցությունն ի դեմս իրեն ու ի ցուցադրություն մրցակից ընդդիմադիր ուժերի ճանաչել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Մի կողմ թողնենք տրամաբանական անհամատեղելիությունները Փաշինյանի վարքում: Ենթադրենք, նա իսկապես կարծում է, որ այժմ հնարավոր է ֆորս-մաժորի վրա գալ ու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը խոչընդոտել: Բայց կա՞ արդյոք այդ ամենի համար անհրաժեշտ ռեսուրս: ԵԼՔ-ի վերջին փողոցային դրսևորումները ցույց են տվել, որ չկա: Այդ դեպքում, մնում է պարզապես կարծել, որ Փաշինյանը խիստ անհանգիստ է ու պարզապես փորձում է հաղթահարել ձանձրույթը:
Սիմոն Վրացյան