Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ
Общество2018թ. փետրվարի 20-ին Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին հաղորդում, ապա նաեւ բացատրություն է տվել այն մասին, որ 2018թ. hունվարի 22-ին ''Արդշինբանկ'' ՓԲԸ-ի Վեդի քաղաքի մասնաճյուղում իր անվամբ գրավադրվել է Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժի կողմից իրեն տրված 224 գրամ ոսկու ձուլակտորներ, որոնց դիմաց տրված 5029 ԱՄՆ դոլարը բանկից ստացել է Վրեժը եւ որպես պարգեւավճար իրեն է տվել 120.000 ՀՀ դրամ: Դրանից հետո վարկի տոկոսագումարի վճարման օրը Վրեժը հայտնել է, որ որեւէ գումար իրեն չի տրամադրի, ցանկության դեպքում կարող է գրավադրված ոսկին թողնել բանկի տնօրինությանը, որից հասկացել է, որ նշված 224 գրամ ոսկու ձուլակտորները կեղծ են:
Նույն օրը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի գլխամասից ստացվել է Գ. Ստեփանյանի կողմից ոսկու գրավադրման եւ վարկի ձեւակերպման գործընթացի տեսագրությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինս գրավի առարկա հանդիսացող ոսկու ձուլակտրոները չի տեսել, դրանք նախապես բանկի ոսկերիչին է տվել Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժը եւ պայմանագիրը կնքելուց հետո հենց վերջինս էլ բանկի դրամարկղից ստացել է 5029 ԱՄՆ դոլար գումարը ու բանկից դուրս եկել՝ 120.000 ՀՀ դրամ տալով Գ. Ստեփանյանին:
Դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից 21.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Աարատի մարզի Վեդիի քննչական բաժնի վարույթ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նույն մեխանիզմով եւս երկու անձանց անվամբ նույն մասնաճյուղում վարկեր են ձեւակրեպվել: Պարզվել է նաեւ, որ ոսկու ձուլակտրոները Վրեժ. Հ.-ին են տվել Ա. եւ Ա. Թաթոսյան եղբայրները՝ Գ. Սարդարյանի միջնորդությամբ:
2018թ. փետրվարի 23-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Վեդու մասնաճյուղից առգրավվել են Գ Ստեփանյանի եւ Տ. Ղուկասյանի անվամբ գրավադրված ոսկու ձուլակտորները եւ նույն օրը նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Համաձայն ստացված եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված դեղնավուն երանգի մետաղից պատրաստված ձուլակտորները պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, ոսկու պարունակությունը դրանց մեջ կազմել է 4,9 տոկոս:
«Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի տարածքում տեղակայված Ա. եւ Ա. Թաթոսյան եղբայրներին պատկանող տաղավարների խուզարկությամբ հայտնաբերվել են եւս երկու նպանատիպ ձուլակտորներ:
Գ. Ստեփանյանը, Ա. եւ Ա. Թաթոսյաններն ու բանկի ոսկերիչ Պ. Մանուկյանը ձերբակալվել են:
Միջոցներ են ձեռնարկվում Գ. Սարդարյանի տեղը պարզելու եւ նշված հանցավոր խմբի կողմից տուժած այլ քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով: