Պեկինում սմոգի պատճառով տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել
Международные новостиԵրեքշաբթի Պեկինի իշխանությունները տագնապի դեղին մակարդակ են հայտարարել՝ կապված օդի որակի կտրուկ վատթարացման հետ: Այս մասին նշված է Պեկինի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պաշտպանության բյուոյի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղական ժամանակով 08.00-ի դրությամբ PM2.5 մասնիկների մակարդակը կազմել է խորանարդ մետրին 262 միկրոգրամ: Իշխանությունների տվյալներով՝ աղտոտվածության բարձր մակարդակը գրանցվել է դեռեւս երկուշաբթի երեկոյան, ոը մասնակիորեն կապված է օդի ջերմաստիճանի բարձրացման հետ:
2,5 միկրոնից ոչ պակաս չափով PM2.5 մասնիկները առողջությանը լուրջ սպառնալիք են ներկայացնում, դրանք օդում մառախուղի զգացողություն են առաջացնում եւ կարող են թոքեր թափանցել ու խորը նստվածք առաջացնել՝ հեղձուկի նոպաների եւ առողջական խնդիրների պատճառ դառնալով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խորհուրդ տրվող անվտանգ մակարդակն է խորանարդ մետրին 25 միկրոգրամը:
Տագնապի դեղին մակարդակը կգործի երեքշաբթի Պեկինի ժամանակով 09.30-ից մինչեւ առնվազն չորեքշաբթի երեկո: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ չորեքշաբթի քաղաք կմտնի սառը հոսանք, եւ օդի ջերմաստիճանը կնվազի, այդ ժամանակ սմոգը կցրվի, իսկ չորեքշաբթի երեկոյան օդի որակը զգալիորեն կլավանա:
Էկոլոգիական իրավիճակի վատթարացման պատճառով իշխանությունները կարգադրել են չեղարկել մանկապարտեզների սաների եւ դպրոցների աշակերտների համար կազմակերպվող բացօթյա բոլոր միջոցառումները, տարեցներին, երեխաներին, սրտի եւ շնչուղիների հիվանդություններով բնակիչներին խորհուրդ է տրվել փողոցում գտնվելու ժամանակը նվազագույնի հասցնել: