Սալիհ Մուսլիմի ազատ արձակումից հետո Թուրքիան սպառնում է վատացնել հարաբերությունները Չեխիայի հետ
Международные новостиՉեխիայի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված քրդական «Ժողովրդական միություն» կուսակցության (PYD) նախկին առաջնորդ Սալիհ Մուսլիմին ազատ արձակելու մասին որոշումը զայրացրել է պաշտոնական Անկարային:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, խնդրի մասին հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը:
«Դա հակաօրինական, ահաբեկչական խմբավորումներին ակնհայտ ձևով աջակցող որոշում է: Այս որոշումը բացասաբար կանդրադառնա Թուրքիա-Չեխիա հարաբերությունների վրա»,- հայտարարել է Բոզդաղը:
Թուրքիայի իշխանությունները «Ինտերպոլ»-ի միջոցով միջազգային հետախուզում էին հայտարարել Սալիհ Մուսլիմի նկատմամբ, ով Չեխիայի մայրաքաղաքում պետք է մասնակցեր կոնֆերանսի: Պրահայում փետրվարի 25-ին նրա ձերբակալումից հետո պաշտոնական Անկարան պահանջել էր Չեխիայի իշխանություններից ժամանակավորապես կալանավորել և հանձնել Մուսլիմին Թուրքիային:
Պրահայի դատարանը, սակայն, փետրվարի 27-ին նրան ազատ արձակելու մասին որոշում է ընդունել:
Սալիհ Մուսլիմը Թուրքիայի ներքին գործերի նախարարության «ահաբեկչության համար որոնվողներ»-ի ցուցակի «կարմիր» կատեգորիայում է: