Տնտեսական զարգացման համար պատասխանատուն Հարկայինը չէ, այլ՝ կառավարությունն ու քաղաքային իշխանությունը. տնտեսագետ
ИнтервьюPast.am-ը գրում է.
Հայաստանում հունվարի մեկից հետո ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները նոր հոգսեր են ավելացրել ժողովրդի ուսերին: Հիշեցնենք, որ նոր «Հարկային օրենսգրքի» ընդունմամբ փոփոխություններ կրեցին շահութահարկի կանխավճարների կարգը, Ավելացված արժեքի հարկի շեմը, շահաբաժինների հարկումը, ԱԱՀ-ի վերադարձը, եկամտահարկի դրույքաչափերը և այլն:
Տնտեսագետ Հայկ Բալանյանը Past.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ իրավիճակը կարող է փոփոխվել միմիայն մենաշնորհների վերացման դեպքում:
-Տարին սկսեցինք հարկային նոր փոփոխություններով, որոնք անդրադարձան բնակչության կյանքի որակի վրա: Նման կերպ շարունակվելու դեպքում «Հարկային օրենսգիրքն» ինչպե՞ս կազդի տնտեսության վրա:
-Կարծում եմ, որ դրական չի ազդի: Չնայած միայն հարկային օրենսդրության պատճառով չէ այս ամենը: Տնտեսական քաղաքականությունը ընդհանուր է, դրա մեջ մտնում է դրամավարկային քաղաքականությունը, մենաշնորհների դեմ պայքարը և այլն: Միայն հարկային խնդիրը չէ, գլոբալ հարցեր կան, որոնք հարկային ֆունկցիաների մեջ չեն մտնում:
Այս տեսակետից, բեկում կամ տնտեսության էական բարելավում այս փոփոխություններից չեմ ակնկալում: Կարծում եմ՝ կարող են բացասաբար ազդել: Ի վերջո եկամտային հարկը բարձրացվել է, հարկային բեռը աշխատողների և հիմնարկների վրա բարձրանում է: Դրական փոփոխություն չի լինի, համենայն դեպս՝ այդպիսի ակնկալիքներ չունեմ:
Որոշ հարցերում պահանջներն ավելի են բարդացել, օրինակ՝ հաշիվները չեղյալ համարելու մեխանիզմները կամ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրման սահմափակումը, որ պետք է պարտադիր նույն օրով գրել: Այդտեղ կան և՛ դրական, և՛ բացասական գնահատականի արժանի կետեր:
-Որո՞նք են դրական կետերը:
-Շատ պետք է խորանալ: Դա միայն հաշվապահներին հասկանալի կլինի: Ամեն դեպքում գլոբալ փոփոխություն չէ:
Տեսեք, խնդիրը միայն հարկայինը չէ և բնավ հարկայինը չէ: Խնդիրը ռազմավարության մեջ է: Եվ առանձին վերցրած հարկային փոփոխությունները գնահատել չի կարելի: Իմ կարծիքով պետք է գնահատել որպես միասնական մեկ երևույթ:
Հարկայինը պատասխանատու չէ տնտեսական զարգացման համար, դրա համար պատասխանատու է կառավարությունը և քաղաքային իշխանությունը: Հարկայինի ֆունկցիան հարկ հավաքելն է:
-Այդ դեպքում ինչպիսի՞ ռազմավարություն պետք է մշակի կառավարությունը, որպեսզի ոտքի հանի տնտեսությունը:
-Իրենք դա շատ լավ գիտեն, շատ վաղուց, և չեն անում ու չեն էլ անելու, իմ կարծիքով: Բազմիցս դրա մասին գրվել է ու խոսվել: Ես նոր բան ասել չեմ կարող: Առաջին հերթին մենաշնորհների հարցը պետք է լուծել:
-Մեր երկրում դա հնարավո՞ր է լուծել՝ հաշվի առնելով, որ այսօր մեր երկրում մենաշնորհ ունեցողների ձեռքում է նաև իշխանությունը:
-Համաձայն եմ: Պարզ է, որ իրենք իրենց դեմ չեն պայքարի:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ