Բանակում ոչինչ չի փոխվել
Аналитика«Ժողովուրդ» օրաթերթը օրերս տեղեկացրել էր, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված զինվորականներից ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է զինված ուժեր: Ընդ որում, այս անգամ Կարապետյանին վստահել են բավական լուրջ պաշտոն, բայց ոչ թե ՀՀ-ում, այլ ՌԴ-ում:
ՊՆ-ից թերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Կարապետյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ: Դժվար չէ կռահել՝ Կարապետյանն այս բարձր պաշտոնին նշանակվել է մեկ պարզ պատճառով. նա վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Տեսակետ կա, որ եթե նրա փոխարեն լիներ մեկ այլ պաշտոնյա, ապա առհավետ կմոռանար պետական կառավարման համակարգում հայտնվելու մասին: Մինչդեռ Սերժ Սարգսյանի մտերիմներին ամեն ինչ թույլատրված է, ամեն ինչ:
Ժամանակին, ազգ-բանակ կոնցեպտի մարգարեությամբ քաղաքական դաշտ մտած Վիգեն Սարգսյանը հորջորջում էր, թե ինքն է հորդորել Հայկազ Բաղմանյանին դիմում գրել և դուրս գալ համակարգից: Չնայած այն հանգամանքին, որ Բաղմանյանի կալիբրի զինվորականին հորդորել կարող էր միայն Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը չէր զլացել այդ դափնիներն իրեն վերագրել: Ինչից հետո էլ, Վիգեն Սարգսյանի ֆան ակումբը սկսել էր հպարտանալ, թե նորանշանակ նախարարը մաքրում է համակարգը:
Հիմա, երբ Արշակ Կարապետյանին բավական լուրջ պաշտոն են վստահել, ակնհայտ է դառնում, որ որևէ համակարգ Վիգեն Սարգսյանը չի մաքրում: Ավելին ՝ նույնիսկ Սերժ Սարգսյանն այդ համակարգը վերջնական մաքրելու ու պատասխանատվության ինստիտուտը գործարկելու քաղաքական կամք չունի:
Արտակ Ասլանյան