Մշակող արդյունաբերությունում նշանակալի աճ են գրանցել հագուստի ու կահույքի արտադրությունները
ЭкономикаԸնթացիկ տարվա հունվարին թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալի 14-տոկոսանոց աճի մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է մշակող արդյունաբերության ճյուղը: 2018 թվականի հունվարին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ` հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտն աճել է 9.8 տոկոսով, մշակող արդյունաբերությունը` 27.8 տոկոսով, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարման և վերամշակման ճյուղը` 4.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտն ունեցել է զսպող ազդեցություն` գրանցելով 7.4 տոկոս անկում:
Այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
2018-ի հունվարին արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում 53.9 տոկոս է կազմել մշակող արդյունաբերությունը, 22.9 տոկոս` հանքագործական արդյունաբերությունն ու բաց հանքերի շահագործումը, 21.6 տոկոս` էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, 1.6 տոկոս` ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ճյուղերը:
Մշակող արդյունաբերությունում նշանակալի աճ են գրանցել հագուստի արտադրությունը (2.3 անգամ), քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը (2.6 անգամ), այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը (4.3 անգամ), կահույքի արտադրությունը (2.5 անգամ): Նվազում են արձանագրել խմիչքների արտադրությունը 15.2 տոկոսով, պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացման ճյուղը 32.6 տոկոսով:
Մշակող արդյունաբերության կառուցվածքում 75 տոկոսից ավելին բաժին է հասնում հիմնային մետաղների արտադրությանը (26.1 տոկոս), սննդամթերքի արտադրությանը (25), ծխախոտային արտադրատեսակների արտադրությանը (17.6), խմիչքների արտադրությանը (8.9 տոկոս):