Երկիր Ծիրանիի համար որևէ արժեք գոյություն չունի կամ դավաճանությունը սահմաններ չի ճանաչում
АналитикаՄամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ավագանու առաջիկա նիստին ներկայացնելու է իրենց խմբակցության կողմից մի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում են Երեւանում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխել Վուդրո Վիլսոնի անվամբ։ Նախագիծը, հավանաբար, մարտի 19-ի նիստում կքննարկվի։
Հաշվի առնելով վերջին գարշահոտ ակցիան, այժմ Երկիր Ծիրանիից կարելի է սպասել գրեթե ամեն ինչ: Եթե նրանք պատրաստ են նման ակցիաներով քաղաքականություն խաղալ, այնուհետ անհայտ ծագման ֆեմինիստական ու սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների դուդուկի տակ պարելով վարկաբեկել Երևան քաղաքը, ապա ոչինչ նրանց չի խանգարում կեղտոտ ձեռքերը հասցնել Հայաստանի ազգային հերոսներին ու համազգային արժեքներին:
Վազգեն Սարգսյանը հայոց պետականության, հայոց բանակի հենասյուներից մեկն է, հավերժ սիմվոլ ուժեղ պետության և բանակի: Նրա մասին գարշահոտ բերանները բացելուց առաջ, լավ կլինի երկար մտածել: Որովհետև գործ ունենք ոչ միայն կյանքից հեռացած անհատի հիշատակի, այլև պետական ու համազգային գործչի հետ: Վիրավորել ու անարգել նրա հիշատակը, նշանակում է անարգել պետությունը:
Երկիր Ծիրանին կարծես ընկել է ինքն իր հետևից ու փորձում է աբսուրդի թատրոնում նորանոր ռեկորդներ գրանցել: Նրանց սկանդալային գործելաոճն արդեն հասել է մի կետի, որ որևէ արժեք նրանց համար ընդունելի չէ ու օրակարգում մնալու համար պատրաստ են ցանկացած քայլի, ընդհուպ ազգային արժեքների ոտնահարման: Այլ կերպ քան դավաճանություն սեփական երկրի հանդեպ սա անվանել չի կարելի:
Արմեն Սիմոնյան