Ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Իննա Խոջամիրյանն այս հանգստյան օրերին
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Առջևում հանգստյան օրերն են, և BlogNews.am-ը ֆիլմերի սիրահարներին հետաքրքիր առաջարկ ունի: Ի՞նչ ֆիլմ դիտել․ սա այն հիմնական հարցն է, որ շատերը տալիս են weekend-ին: Այս անգամ հարցի պատասխանը կտա Իննա Խոջամիրյանը, ով, պարզվում է, շոու բիզնեսի կինոմաններից է: Դերասանուհին պատմել է նախընտրած ժանրի ու սիրելի ռեժիսորների մասին, առանձնացրել այն ֆիլմերի հնգյակը, որոնք կստեղծեն անհավանական մթնոլորտ ու երկար ժամանակ տպավորված կպահեն հանդիսատեսին: Դե ինչ, առաջարկում ենք տեղավորվել տաքուկ ծածկոցի տակ, խմել համեղ կակաո և ընկղմվել կինեմատոգրաֆի աշխարհ, որն առջարկում է Իննան:
Դերասանուհին թրիլերի սիրահար է ու չնայած խիստ զբաղվածությանը՝ հասցնում է շաբաթական գոնե 2-3 ֆիլմ դիտել. «Կինոման եմ, բայց հանգամանքների բերումով և զբաղվածության հետևանքով հաճախ երկընտրանքի առջև եմ կանգնում՝ գի՞րք կարդալ ունեցած աննշան ազատ ժամանակում, թե՞ ֆիլմ դիտել։ Ցավով պիտի նշեմ, որ շաբաթական 2-3 ֆիլմից ավելին չեմ հասցնում դիտել։ Թրիլերի սիրահար եմ, չնայած բոլոր ժանրերն էլ դիտում եմ։ Տանել չեմ կարողանում սարսափ ֆիլմերը. չեմ կարողանում նայել»։
Իննան իր համար առանձնացրել է նաև հոլիվուդյան աշխարհահռչակ ռեժիսորների այն տասնյակը, որոնց հետ դերասանուհին երազում է աշխատել. «Մոտ 10-15 ռեժիսորի ցանկ ունեմ, որոնց ֆիլմերում կերազեի խաղալ, սակայն անիրականի մասին չխոսենք:) Իմ ֆավորիտ ռեժիսորների ցուցակում են Մարտին Սկորսեզեն, Դեվիդ Ֆինչերը, մի քիչ էլ՝ Քրիստոֆեր Նոլան։ Նրանց արած յուրաքանչյուր գործ ես հաճույքով եմ դիտում»:
Իհարկե, դերասանուհին դժվարացավ առանձնացնել պարտադիր դիտման համար ֆիլմերի 5-յակը, քանի որ, նրա կարծիքով, ցանկն անավարտ է ու շատ անհավանական, բայց այդուհանդերձ Իննան նշեց հին ու նոր ժամանակներում իրեն ամենաշատը տպավորած ֆիլմերի անունները. «Մտքին առաջինը եկածը միշտ ամենաանկեղծն ու ճիշտն է։ Հետաքրքիր է ֆիլմերը դիտել ըստ ռեժիսորների՝ Սպիլբերգի բոլոր ֆիլմերը, Տոռնատորեի, և այդպես շարունակ... Բացի ժանրից՝ ֆիլմերը սկսում ես ճանաչել ըստ ձեռագրի»:
Ներկայացնում ենք ֆիլմերի ցանկը, որն, ըստ դերասանուհու, պարտադիր պետք է դիտի յուրաքանչյուրը.
1. «Սև կարապ» (Черная лебедь) 8/10 imdb
Նինա Սայերսը բալետի պարուհի է, ով մոր հետ ապրում է Նյու Յորքում։ Նրա մայրը երազում է, որ նա աշխարհահռչակ պարուհի դառնա։ Այն օրը, երբ պարզ է դառնում, որ Նինան է լինելու «Կարապի լիճ» բալետային ներկայացման հերոսուհին, սկսվում են նրա քրտնաջան պարապմունքները, որոնք, սակայն, ճակատագրական են դառնում պարուհու համար: Ֆիմի ռեժիսորը Դարեն Արոնոֆսկին է։ Դերերում են՝ Նատալի Փորթմանը, Միլա Կունիսը, Վենսան Կասելը, Բարբարա Հերշին և Ուայնոնա Ռայդերը:
2. «Անցած գիշերը Նյու Յորքում» (Прошлой ночью в Нью-Йорке) 6.6/10 imdb
Գեղեցիկ և հաջողակ երիտասարդ զույգը` Մայքլը և Ջոանան, ապրում են ահռելի մեծ բնակարանում՝ Մանհեթթանի կենտորնում, բայց ընդամենը մի գիշերը ստիպում է վերջիններիս կասկածել միմյանց: Նախորդ օրը՝ երեկույթի ժամանակ, Ջոանային թվում է, թե Մայքլն անտարբեր չէ գեղեցկադեմ Լաուրայի հանդեպ, որի հետ հաջորդ օրն արդեն մեկնելու է գործուղման։ Այս զգացողությունն էլ ստիպում է Ջոանային ընդունել ընթրիքի հրավերն իր նախկին սիրեցյալից, որին պատահաբար փողոցում է հանդիպում:
3. «Սկիզբը» (Начало) 8.8/10 imdb
Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա: Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են՝ մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»:
4. «Անիծվածների կղզին» (Остров проклятых) 8.1/10 imdb
Երկու ամերիկացի դատական կատարածուներ ուղևորվում են «Անիծյալների կղզի», որը գտնվում է Մասաչուսեթս նահանգում, խելակորույս հանցագործների հիվանդանոցից հիվանդի անհետացումը հետաքննելու համար: Բայց որքան ավելի շատ է ծավալվում հետաքննությունը, այնքան ավելի կասկածելի է դառնում հիվանդանոցի ղեկավարությունը, իսկ հերոսները նկատում են, որ հենց իրենք են ընկել թակարդը` լի ստի սարդոստայնով և ցնորված մարդասպաններով, որոնք էլ հետզհետե սկսում են անհետանալ…
5. «Դեյվիդ Գեյլի կյանքը» (Жизнь Дэвида Гейла)7.6/10 imdb
Դեյվիդ Գեյլը մարդ է, ով փորձել է ապրել իր սկզբունքներով, սակայն ճակատագրի հեգնանքով այս հավատարիմ հայրը, հայտնի դերասանն ու մահապատժի կատաղի հակառակորդը մահապատժի է ենթարկվում ակտիվիստ Կոնստանտս Հարավեյի սպանության համար: Դատավճիռն իրականացնելու օրվանից երեք օր առաջ Գեյլը համաձայնում է հարցազրույց տալ լրագրող Բիցի Բլումին: Սակայն լրագրողը շուտով հասկանում է, որ իր մասնակցությունն այս հարցում չի սահմանափակվի միայն մեկ հարցազրույցով, և մարդու կյանքը նրա ձեռքում է:
Իսկ Իննայի առաջարկած ֆիլմերից ո՞րը կդիտեք դուք այս հանգստյան օրերին: