Կապանի մանկապարտեզներում փորձարկվել է աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանը
Общество«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, ՀՀ ԱԻ նախարարությունը փետրվարի 26-ից մարտի 3-ը փորձարկել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագիծը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչությունը, իսկ պլանի օրինակելի նախագիծը մշակվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշել» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
Աղետների ռիսկի կառավարման պլանն ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության և շրջակա տարածքին սպառնացող աղետների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքմանը և մանկապարտեզներում ուսումնական գործընթացի անընդհատության ու շարունակականության ապահովմանը:
Պլանի փորձարկումն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքի թիվ 1, 4 և 9 մանկապարտեզներում՝ վարժանքի և տարհանման միջոցով: Դրան զուգընթաց մշակվել են վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարհանման պլանները, որոնք տարհանման պայմանական նշանների հետ փակցվել են նշված մանկապարտեզների շենքերի ներսում: Կրթօջախներին տրամադրվել են նաև աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ ուսումնական նյութեր:
Միջոցառումը հնարավորություն ընձեռեց բացահայտել նախագծի թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև՝ պլանի կիրառելիության հնարավորությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի փորձարկման ժամանակ հայտնաբերված թերությունների և մանկապարտեզներների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի և հաստատվելուց հետո կներկայացվի կրթօջախներին: