Էմերի. Հույս ունեմ՝ «Ռեալը» կցուցադրի առավելագույնը, իսկ մենք կխաղանք ավելի լավ
СпортՀույս ունեմ՝ «Ռեալը» կցուցադրի առավելագույնը, իսկ մենք ավելի լավ կխաղանք, ասել է ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի նախօրեին: Առաջին խաղում փարիզյան թիմը Մադրիդում պարտվել է 1:3 հաշվով: Պատասխան խաղին չի մասնակցի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը վնասվածքից հետո վիրահատվել է եւ բաց կթողնի 3 ամիս:
«Սա տարվա գլխավոր հանդիպումն է՝ երկրպագուների եւ ֆուտբոլասեր փարիզցիների համար բացառիկ հնարավորություն: Մեր թիմի համար սա շանս է առաջ գնալ: Ցանկանում եմ, որ խաղի ելքի վճռվի մեր խաղի շնորհիվ: Նեյմարի բացակայությունը դռներ է բացում մյուսների համար: Վաղը բոլորին կարեւոր դեր է հատկացվում՝ մեկնարկային կազմի խաղացողներին էլ, պահեստայիններին էլ: Մենք պետք է խաղանք սառը գլխով, տաք սրտով: Բայց կարծում եմ՝ վաղը ավելի կարեւոր կլինեն վառվող սրտերը: Լասանա Դիարան ու Տիագո Մոտան պատրաստ են վաղը խաղալ: Նրանք ունեն վարպետություն եւ այսպիսի հանդիպումների համար անհրաժեշտ փորձ: Ես երկուսին էլ վստահում եմ»,- Էմերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Մարտի 6-ին Փարիզում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: