Կատարը շարունակում է ահաբեկչությանն աջակցել. Եգիպտոսի ԱԳՆ
Международные новостиԴոհան շարունակում է բացասական դեր խաղալ եւ ահաբեկչությանն աջակցել: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին Կատարի շուրջ ճգնաժամի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Անտոնի Զենիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կատարը շարունակում է բացասական դեր խաղալ՝ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը հովանավորելով ինչպես նյութապես, այնպես էլ ահաբեկիչներին անվտանգ ապաստան տրամադրելով»,- հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարարը:
Շուքրին հավելել է, որ էմիրությունը «շարունակում է միջամտել արաբական երկրների ներքին գործերին»:
Նա նշել է, որ երկխոսություն սկսելու եւ ճգնաժամը կարգավորելու համար Դոհան պետք է կատարի 13 պահանջները, որոնք ներկայացրել են արաբական 4 երկրները:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը հունիսին խզել էին հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչության ֆինանսավորման եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։ Որոշմանն ավելի ուշ միացել են մի շարք այլ պետություններ: Քուվեյթը հանդես էր եկել որպես հակամարտության կարգավորման միջնորդ: