Արգանդի պարանոցի քաղցկեղի հիմնական դրդապատճառները, հետազոտման և կանխարգելման սկզբունքները
ОбществоԱրգանդի պարանոցը արգանդի ստորին հատվածն է, որը մի կողմից հաղորդակցվում է արգանդի խոռոչի, մյուս կողմից հեշտոցի հետ: Արգանդի պարանոցի քաղցկեղը զարգացած երկրներում, կանանց ախտահարող քաղցկեղների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը` առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը: Գինիկոլոգիական քաղցկեղների և առհասարակ քաղցկեղային հիվանդությունների շարքում արգանդի պարանոցի քաղցկեղը ամենականխարգելելի քաղցկեղային հիվանդությունն է: Բանն այն է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը առաջանում է նախաքաղցկեղային վիճակներից, որոնք մինչ քաղցկեղ բարդանալը բավականին ժամանակ մնում են որպես նախաքաղցկեղ և ՊԱՊ սքրինինգի միջոցով հնարավոր է հայտնաբերել և վաղ կանխարգելել: Արգանդի պարանոցի նախաքաղցկեղի և քաղցկեղի հարուցիչը մարդու պապիլոմայի վիրուսն է: Հայտնի է մարդու պապիլոմա վիրուսի մոտ 200 տարատեսակ, ընդ որում տարբերում ենք՝
-Ցածր
-Միջին
-Բարձր օնկոգենությամբ (ուռուցքայնությամբ) վիրուսներ:
Բժշկության համար հետաքրքրություն են ներկայցնում հատկապես բարձր օնկոգենության, այսինքն քաղցկեղ առաջացնելու մեծ պոտենցիալ ունեցող տարատեսակները: Պապ վիրուսի տարածման հիմնական ուղին սեռականն է, սակայն դրա փոխանցումը տեղի է ունենում ոչ թէ կենսաբանական հեղուկների` ինչպիսիք են օրինակ
-Արյունը
-Թուքը
-Սերմնահեղուկը, այլ մաշկ մաշկ կոնտակտի միջոցով և եթե բուն սեռական ակտը տեղի չի ունենում այլ տեղի է ունենում սեռական օրգանների շփում միևնույն է հնարավոր է պապիլոմա վիրուսով վարակում:
Կանխարգելման տեսակներից անհրաժեշտ է նաև նշել պահպանակի պաշտպանիչ դերը, այն նվազեցնում է պապիլոմա վիրուսով վարակվելու հավանականությունը, սակայն երբեք չի զրոյացնում: Մարդու պապիլոմայի վիրուսով վարակվելուց հետո այն կորող է արտահայտվել հետևյալ սկզբունքով` առաջանում են մաշկի և լորձաթաղանթի տարատեսակ ախտահարումներ, որոնք սեռական օրգանների շրջանում հիմնականում արտահայտվում են կոնդիլոմաների հատկապես սրածայր կոնդիլոմաների տեսքով: Վերջիններս տեսանելի են անզեն աչքով և կարող են բազմաթիվ ախտահարումների պատճառ հանդիսանալ, ընդհուպ մինչև արգանդի պարանոցի քաղցկեղի, և իրենց զարգացման ու ծաղկման շրջաններում հիմնականում անախտանիշ են:
Բուժման հիմնական ձևերը քիմիական կամ ֆիզիկական մեթոդներով դրանց քայքայումն է կամ մեխանիկական հեռացումը, իսկ իմունոմոդուլյատորներից արտահայտված արդյունավետություն ունի միայն ինիկվոմիդի տեղային կիրառումը: Պապիլոմա վիրուսի մյուս արտահայտման տարբերությունը դրա ասիմպտոմ (անախտանիշ) ընթացքն է, այսինքն կինը չունի գանգատներ, անզեն աչքով տեսանելի հետազոտություններով ոչ մի փոփոխություն չի նկատվում: Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ 85-90% դեպքերում պապիլոմա վիրուսը մեկ կամ երկու տարվա ընթացքում ինքնամաքրվում է կնոջ սեռական ուղիներից և հետևաբար որևէ բուժում չի պահանջում: Միայն այն 10-15% դեպքերում երբ պապիլոմա վիրուսը չի ինքնամաքրվում այլ գոյատևում է կնոջ սեռական ուղիներում առաջանում են այն քաղցկեղային ախտահարումները, որոնց դեմ ներկայումս պայքարում են ամբողջ աշխարհի բուժ անձնակազմերը:
Արդյո՞ք կան պապիլոմա վիրուսի դեմ արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցներ և արդյո՞ք հակավիրուսային պրեպարատները կարող են պայքարել վիրուսի շտամերի դեմ:
Վիրուսն այսօր համարվում է օնկոգեն-իմուն դիֆիցիտային (ուռուցքածին-իմուն սակավություն) և առաջացնում է բացի ուռուցքածին վիճակներից նաև աուտոիմուն (օրգանիզմը պայքարում է ինքն իր դեմ) մի շարք երևույթներ: Հակավիրուսային պրեպարատները ոչ մի կերպ չեն կարող վերացնել վիրուսի կողմից առաջացված բջջաբանական և կենսաքիմիական ախտահարումները: Բացի դա, արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և քաղցկեղային ընթացքային տիպերը լիովին գաղտնընթաց են և չեն կարող պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով կանխարգելվել հակավիրուսային դեղամիջոցներով: Արդի բժշկության ամենաարդյունավետ կանխարգելման մեթոդը` ՊԱՊ սքրինինգն է, որը թույլ է տալիս հայտնաբերել, ինչպես ատիպիկ (տարօրինակ) բջջաբանական շեղումները, նախաքաղցկեղները, այնպես էլ քաղցկեղային երևույթները:
Արդյո՞ք կան պապիլոմա վիրուսի դեմ արդյունավետ կանխարգելման մեթոդներ։
Անցկացված ուսումնասիրությունները փաստում են, որ ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենաանվտանգ և արդյունավետ հետազոտության մեթոդը՝ ՊԱՊ սքրինինգն է: ՊԱՊ սքրինինգը տևում է ընդամենը 1 րոպե և կատարվում է առանց ցավազրկման` բացարձակապես անցավ: Նշյալ հետազոտությունը ներառված է ՀՀ Աառողջապահության նախարարության սքրինինգյան ծրագրում և կատարվում է ԱՆ առաջնային օղակի բոլոր բուժ հաստատություններում` քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում, բացարձակապես ԱՆՎՃԱՐ:
Սքրինինգ հետազոտության կարող են մասկակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր 30-68 տարեկան կանայք: