Ալինա Մարտիրոսյանը՝ պարարվեստում որդու հաջողությունների և իրենց երկար բաժանման պատճառի մասին
LifestyleՄարտի 25-30-ը Նյու Յորքում կայանալիք Վալենտինա Կոզլովայի անվան բալետի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի որդին՝ 19-ամյա Էմանուէլը: Դերասանուհին առաջինը BlogNews.am-ին է հայտնել նորությունը, պատմել պարարվեստում որդու հաջողությունների և նրան երկար ժամանակ չտեսնելու պատճառի մասին:
Էմանուէլը շուրջ 12 տարի պարարվետում է: Պարարվեստի պետական քոլեջի առաջին կուրսից նա տեղափոխվել է ԱՄՆ՝ ուսումն այնտեղ շարունակելու համար. «17 տարեկանից Էմանուէլն ապրում է ԱՄՆ-ում, որտեղ սովորել է Նյու Յորքի հեղինակավոր ակադեմիաներից մեկում: Այն ավարտելուց անմիջապես հետո միանգամից աշխատանքի հրավեր ստացավ: Աշխատում է պրոֆեսիոնալ մասնագետների հետ, որոնցից անդադար կարելի է սովորել»:
2011-ից գոյություն ունեցող միջազգային մրցույթում Էմմանուէլը ներկայանալու է հայկական դրոշի ներքո՝ մրցակցելով աշխարհի 29 երկրի առաջատար բալետի արտիստների ու բալերինաների հետ. «Ինձ համար մեծ հպարտություն է, որ որդիս ներկայացնելու է մեր երկիրը նման հեղինակավոր մրցույթում: Էմմանուէլի կյանքում սա առաջին նախադեպն է՝ մեծ բեմում ու բազմահազար հանդիսատեսի առջև ներկայացնելու հարուստ մշակույթով աչքի ընկնող իր երկիրը: Իհարկե, հուզմունքն ու պատասխանատվությունը մեծ է, բայց Էմանուէլն ինձ խոստացել է հաղթել: Ես հավատում եմ որդուս ու նրա ուժերին»:
Պարզվում է՝ Էմանուէլի մոտ պարարվեստի հանդեպ սերն ամենևին էլ պատահական չէ․ ժամանակին Ալինան էլ է սովորել Պարարվեստի պետական քոլեջի կլասիկայի բաժնում, իսկ հետո՝ նաև եղբայրը՝ Նարեկ Մարտիրոսյանը. «Ցավով եմ նշում, որ որոշակի խնդիրների պատճառով ստիպված եղա թողնել բալետն ու հեռնալ պարարվեստի ուսումնարանից: Հետո արդեն եղբայրս գնաց իմ ճանապարհով ։ Նա կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին ես միայն կարող էի երազել: Հիմա եղբայրս որդուս հետ միասին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: Այն երազանքները, որոնք ես կուզեի իրականացնել, ռեալիզացվում են նրանց միջոցով, նայում ու հրճվում եմ»:
Էմանուէլի հետ պարապում է հարազատ մորեղբայրը՝ Նարեկ Մարտիրոսյանը, ով ճանաչված պրիմեռ բալետի արտիստ է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Նարեկը դեռ 21 տարեկանում արժանացել է Մովսես Խորենացի շքանշանի՝ «Սպարտակ» բալետում Մարկոս Կռասոսին հրաշալի կերպով մարմնավորելու համար. «Բալետն ինքնին կատարելություն է: Դերասանի համար հեշտ է խոսքով տեղ հասցնել ասելիքը, իսկ բալետի համար կարևոր են շարժումները: Հիշում եմ՝ ինչպես էր Նարեկը դերը ստանալուց հետո ջանասիրաբար աշխատում այն անթերի մարմնավորելու համար, և նրան հաջողվեց դա»:

Ալինային այժմ միայն կարոտն է տանջում։ Դերասանուհու խոսքով՝ երկար ժամանակ է՝ չի տեսել որդուն ու եղբորը: Օվկիանոսից այն կողմ մայրական օրհնանքն այս անգամ էլ ստիպված է լինլու հեռախոսով փոխանցել. որդու համար այդ կարևոր օրը Ալինան չի կարողանա նրա կողքին լինել. «Իմ կարոտը հարազատներիս հանդեպ այնքան ցավոտ է, որ բառերով նկարագրել դժվարանում եմ: Դեսպանատունը, որքան ժամանակ է, թույլ չի տալիս, որ ես նրանց տեսնեմ: Չգիտեմ՝ իրականում ինչով են առաջնորդվում ինձ արդեն 2-րդ անգամ մերժելու համար, որ մորը չեն թողնում երեխային հանդիպել: Պատճառաբանում են, որ մեր կապերը շատ սերտ են․ իսկ ո՞ր ընտանիքում չեն լինում ջերմ հարաբերություններ: Ես երբեք իմ ընտանիքի անվան հետ չեմ խաղա, որ ինձ փախստական անվանեն: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում դրսում ապրելը, ես ուզում եմ գնալ, տեսնել իմ հարազատներին ու հետ գալ: Իսկ այսպես ինձ իմ երկրում բանտարկյալ եմ զգում: Վիրավորական է, որ չեմ կարողանում ներկա լինել մրցույթին ու որդուս կողքին լինել նրա համար այդ կարևոր օրը: Ինձ կհասկանան միայն այն մայրերը, որոնք կարոտով սպասում են իրենց երեխաների հետ հանդիպմանը»,- եզրափակեց դերասանուհին:


