Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Լոնդոն ուղեկցվում է բողոքի ակցիաներով
Международные новостиՍաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի այցը Լոնդոն ուղեկցվում է բողոքի ակցիաներով: Ըստ PA-ի՝ Մուհամմեդը ժամանել է բրիտանական մայրաքաղաք եռօրյա այցով: Այցի շրջանակներում կկայանա Մեծ Բրիտանիայի եւ Սաուդյան Արաբիայի ռազմավարական գործընկերության խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները եւ միջազգային հարցեր: Ակնկալվում է, որ հանդիպման արդյունք կարող են դառնալ առաջիկա 10 տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայի կողմից 100 միլիարդ դոլարի չափով ներդրումները Մեծ Բրիտանիայում:
Արքայազն Մուհամմեդը կհանդիպի նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ արտաքին քաղաքականության հարցերը, այդ թվում նաեւ՝ Եմենում եւ Իրանում տիրող իրավիճակը քննարկելու համար: Մարտի 9-ին հանդիպում տեղի կունենա պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսի հետ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննադատության է ենթարկվել թագավորությանը սպառազինությունների վաճառքի համար, սակայն Դաունինգ սթրիթը պնդում է, որ ունի «սպառազինությունների արտահանման աշխարհի ամենահուսալի միջոցներից մեկը»: Իրավապաշտպանները մտադիր են բողոքի ակցիա կազմակերպել Դաունինգ սթրիթի մոտ: Save the children կազմակերպությունը իրական երեխայի հասակի արձան է տեղադրել խորհրդարանի պալատների կողքին՝ Եմենում պատերազմի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: